Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները թույլ կտան ռազմական նավերին կալանավորել ռուսական նավթ տեղափոխող լցանավերը

Եվրամիության երկրները թույլ կտան իրենց ռազմական նավերին կալանավորել օտարերկրյա լցանավեր, որոնք կկասկածվեն ռուսական նավթը՝ պատժամիջոցները շրջանցելով, տեղափոխելու մեջ։

Խոսքը Միջերկրական ծովում գործող եվրոպական ռազմական նավերի մասին է, որոնք ներգրավված են ԵՄ ռազմածովային ուժերի IRINI գործողության շրջանակում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։

«IRINI գործողությունը փոխել է ուժի կիրառման կանոնները և այժմ կսկսի կալանավորել նավեր։ Գաղափարն այն է, որպեսզի կիրառվեն լավագույն փորձերը, որոնք տարբեր երկրներ օգտագործում են նման նավերի նկատմամբ»,- ասել է Կալասը։

Խոսքը, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» նավերի մասին է։ Դրանք ռուսական նավթ են տեղափոխում երրորդ երկրների դրոշների ներքո՝ հաճախ խախտելով պատժամիջոցների ռեժիմը և չունենալով անհրաժեշտ ապահովագրական փաստաթղթեր ու թույլտվություններ։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ 2026թ. մայիսին Ռուսաստանը գրանցել է վերջին չորս տարվա ընթացքում նավթի արտահանման և դրա վաճառքից ստացված եկամուտների ռեկորդային ցուցանիշներ։

Գործակալության գնահատմամբ՝ արտահանման ծավալների աճը կապված է ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ իրականացված ուկրաինական հարվածների հետ։

XS
SM
MD
LG