Մատչելիության հղումներ

Մակրոնը հայտնել է ռուսական «ստվերային նավատորմի» ևս մեկ լցանավի կալանման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երկրի ռազմածովային ուժերը Սիցիլիայի ափերի մոտ կանգնեցրել և ստուգել են նավթատար մի լցանավ, որը, ըստ Փարիզի, Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում։ Մոսկվան այն օգտագործում է նավթի և գազի արտահանման, ինչպես նաև արևմտյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով։

Մակրոնը սոցիալական ցանցի իր էջերում հրապարակված գրառման մեջ նշել է, որ գործողությունն իրականացվել է երեքշաբթի օրը։

«Այս նոր գործողությունը «ստվերային նավատորմի» դեմ, որը կատարվել է Մեծ Բրիտանիայի կողմից օրեր առաջ իրականացված նմանատիպ գործողությունից հետո, ցույց է տալիս եվրոպացիների վճռականությունը», գրել է Մակրոնը։

«Մենք թույլ չենք տա, որ «ստվերային նավատորմը» շրջանցի պատժամիջոցները և ֆինանսավորի Ռուսաստանի ռազմական գործողությունները», հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Նախագահ Մակրոնի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ֆրանսիացի ծովային հետևակայինները ուղղաթիռներից իջնում Deliver նավթատար լցանավի վրա։

Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ Փարիզն արդեն առնվազն հինգ լցանավ է կալանավորել կամ ստուգման ենթարկել՝ դրանք դասելով Ռուսաստանի «ստվերային նավատորմի» շարքին։ Խոսքը հին նավերի մասին է, որոնք Ռուսաստանն օգտագործում է նավթի և գազի փոխադրման համար` շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։

Մոսկվան այս գործողություններն անօրինական է համարում և բազմիցս քննադատել է արևմտյան երկրների քայլերը «ստվերային նավատորմի» դեմ։

XS
SM
MD
LG