Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կսահմանի ռուսական գազատար նավերի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցանկում կընդգրկի ռուսական մի շարք գազատար նավեր։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին վարչապետ Քիր Սթարմերը կհայտարարի «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ընթացքում,հաղորդել է կառավարությունը:

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», - ասել է Սթարմերը։

Բրիտանական կառավարության հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» և այն ֆինանսական ցանցերի դեմ, որոնք օգտագործվում են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու և ռազմական գնումներին աջակցելու համար։

Նշվում է նաև, որ Սթարմերը հանձնարարել է ընդլայնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը բոլոր ուղղություններով՝ ապահովելու, որ ուկրաինական զինված ուժերը պահպանեն մարտական գործողությունների ներկայիս տեմպը մինչև հաջորդ ձմեռ։

Մասնավորապես, Լոնդոնը առաջիկա երկու տարիների ընթացքում կապահովի ուկրաինական ատոմային էլեկտրակայանների վառելիքային մատակարարումները՝ հատկացնելով 210 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Մայիսի վերջին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել 18 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, Լոնդոնի գնահատմամբ, օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանված սահմանափակումները։

Պատժամիջոցների տակ էր հայտնվել նաև ռուսական A7 միջազգային վճարային համակարգը, որը բրիտանական իշխանությունները կապում են երրորդ երկրների, այդ թվում՝ Ղրղզստանի ֆինանսական կառույցների միջոցով պատժամիջոցների շրջանցման սխեմաների հետ։

Ցանկում ընդգրկվել են նաև A7-ի ղեկավարներ Իգոր Գորինը և Իրինա Հակոբյանը։

XS
SM
MD
LG