Մատչելիության հղումներ

Ուկրաինական հարվածից Վորոնեժում հինգ զոհ կա․ նահանգապետ

Ռուսական գործարանը՝ Ուկրաինայի հարվածից հետո, 22-ը հունիսի, 2026թ․
Ռուսական գործարանը՝ Ուկրաինայի հարվածից հետո, 22-ը հունիսի, 2026թ․

Ուկրաինայի զինուժը հայտարարել է, որ հարվածել է Ռուսաստանի սահմանամերձ Վորոնեժի մարզում գտնվող հրթիռների բաղադրիչներ արտադրող գործարանին։ Վորոնեժի նահանգապետի խոսքով՝ հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, փոխանցում է Reuters-ը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ թևավոր հրթիռներ է օգտագործել օբյեկտին հարվածելու համար։ Ըստ Կիևի՝ Ուկրաինայի սահմանից 200 կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա գտնվող գործարանը Ռուսաստանի պաշտպանական արտադրության մեջ «վճռորոշ բաղադրիչ» է։ Նշվում է, որ գործարանում «Իսկանդեր» հրթիռային համակարգի էլեկտրական մասեր են արտադրվում։

«Այսօր շատ ծանր կորուստներ ենք կրել։ Քաղաքի վրա հրթիռային հարձակման արդյունքում հինգ մարդ է մահացել», - սոցցանցում գրել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը՝ հավելելով, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ բուժօգնության են դիմել։

Նրա խոսքով՝ վնասվել է 10 բնակելի շենք և վեց առանձնատուն։ Ավելի վաղ Գուսևը հայտնել էր, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը քաղաքի երկնքում ոչնչացրել են մի քանի գերարագ թիրախներ։


XS
SM
MD
LG