Խարկովում ռուսական զորքերի զանգվածային օդային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 10-ը՝ տուժել։ Զոհվածները 48 և 76 տարեկան տղամարդիկ են։ Վիրավորների թվում են նաև վեցամյա տղա և 17-ամյա աղջիկ։
Տեղեկությունը հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Սումիի մարզում, ըստ Ուկրաինայի ազգային ոստիկանության տվյալների, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական օդային հարձակումների և գնդակոծությունների հետևանքով 13 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։
Զապորոժիեի մարզում, մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի տեղեկություններով, հարվածների են ենթարկվել 47 բնակավայրեր, տուժել է 19 մարդ։
Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է 99 հարվածային անօդաչու թռչող սարք, դրանցից 92-ը, ըստ ուկրաինական զինուժի, խոցվել են: