Ռանչպար գյուղում այսօր հողին հանձնեցին ժամկետային զինծառայող Արմեն Ղազարյանին: Երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նա մահացել է հրազենային վնասվածքից:
«Պաշտոնական վարկած ունենք... ինքնասպանությունը, էլի», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղապետ Վահան Վարդանյանը:
Գյուղապետը նշեց, որ երիտասարդին լավ էր ճանաչում, ակտիվ, շփվող տղա էր, երեք ամիս էր մնացել տուն վերադառնալուն, բանակից չէր բողոքել:
«Որպես երեխա, իրան ճանաչելով որպես տղա՝ ոչ մեկ հակված չեն դրան, որ էդ տղան ընդունակ էր նման քայլի», - ասաց Վարդանյանը:
Իրավապահները, սակայն, չեն նշում, թե ինչ հոդվածով են քննում վարույթը, և արդյոք զինծառայողն ի՞նքն է կրակել իր վրա, թե՞ սպանվել է:
Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում բանակում մահվան արդեն երկրորդ դեպքն է, այս տարվա ընթացքում՝ ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 16-րդը: Սեպտեմբերի վերջին պայթյունից զոհված պայմանագրայինի դեպքում ևս չեն հայտնում՝ սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն է եղել: «Ազատության» տեղեկություններով՝ այդ վարույթը ևս ինքնասպանության հասցնելու հոդվածով է քննվում:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեկոմենդացիան է, և բոլոր լրատվամիջոցների՝ համաշխարհային լրատվամիջոցների հետ աշխատում են, որ ինքնասպանությունների դեպքերը չլուսաբանվեն», - օրերս «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը բանակում մահերի թեմային անդրադառնալիս վկայակոչել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, թե ինքնասպանությունները չպետք է լուսաբանվեն, որ նորերը չլինեն: Նման կտրուկ առաջարկ, սակայն, միջազգային կազմակերպությունը չունի. այն պատասխանատու և էթիկական լուսաբանման կարգավորումների մասին է նշում:
«Նշել, որ ինքնասպանության դեպքերը չի կարելի լուսաբանել՝ մտավախություն ունենալով, որ դեպքերը կարող են կրկնվել, ուղղակի անթույլատրելի է, որովհետև, նախ և առաջ, երբ մենք խոսում ենք բանակի մասին, բանակի պես փակ համակարգի մասին, որտեղ գրեթե հասանելիություն չունի հասարակությունը, այստեղ պետք է թափանցիկությունն ու հաշվետվողականությունը առաջնահերթ լինեն», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:
Բանակի խնդիրներով զբաղվող Մովսեսյանի տվյալներով՝ ծառայության հետ կապված մահվան 16 դեպքերի մեծ մասը սպանության և ինքնասպանության դեպքեր են։ Նրա հաշվարկներով՝ ինքնասպանության 8 դեպք է գրանցվել։ 2025 թվականին ծառայության հետ կապված հանգամանքներում մահացել է 10 զինվոր, նրանցից 4-ը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն է գործել: Այս տարին դեռ չի ավարտվել, բայց փաստացի մահվան դեպքերն արդեն 6-ով ավելի են անցած տարվանից:
«Իսկ եթե մենք փորձենք ամեն կերպ փակել, կոծկել, չտեղեկացնել հասարակությանը այդ մասին և ամեն ինչ պայմանավորել միայն հասարակությունից եկող բարքերի, սոցիալական իրավիճակների, քրեական բարքերի վրա, կնշանակի, որ ուղղակի բանակը վերահսկողության որևէ մեխանիզմ չունի, և դրանով իսկ պիտի որ արդարացնենք այն, ինչ տեղի է ունենում բանակում», - նշեց Մովսեսյանը;
Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում մահերի այս վիճակագրությունը և ընդգծում, որ բանակում տեղի ունեցած ինքնասպանությունները չի կարելի համեմատել հասարակության շրջանում արձանագրվածի հետ: Զինուժը փակ համակարգ է, որտեղ զինվորի կյանքի համար առաջնային պատասխանատվությունը կրում է պետությունը։
Փաշինյանի խոսքով, սակայն, եթե բանակի վիճակի համար պաշտոնանկություններ լինեին, ապա դեռ 90-ականներից նախարար չպետք է լիներ, բոլորը կազատվեին գործից: Թեև ընդունում է, որ Զինված ուժերում խնդիրներ կան, բայց հավելում՝ աշխատում են այդ ուղղությամբ:
«Պիտի պաշտպանության նախարար ունեցած չլինենք 90-ականների սկզբից, որովհետև էդ պրոբլեմը շարունակական և ժառանգաբար եկող պրոբլեմ է, և էդ պրոբլեմը առաջին հերթին կապված է մեր սոցիալ հոգեբանության հետ, առաջին հերթին», - պնդել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումից հետո ինքնասպանությունները բանակում ավելացել են: Այս եզրահանգմանն են եկել Անվտանգության խորհրդի նիստում, թե մինչև խաղաղությունը զինվորներն առավել զգոն էին, հիմա՝ ոչ այդքան, ու կարող են դիրքում քնել:
«Ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելը, քնելու փաստը բանակում համարվում է, քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ, կամ գուցե նաև նախկինում անվտանգային տրամաբանությամբ, համարվում է, այսպես ասած, մահացու մեղք, և էդ զինվորը արժանանում է համընդհանուր բանադրանքի, էսպես ասենք, և հոգեբանական ճնշումներ են գործադրվում, և դրա արդյունքում ինքնասպանություն են գործում որոշ զինվորներ», - ասել է վարչապետը:
Իրավապաշտպան Մովսեսյանը հակադարձում է՝ եթե զինվորը քնում է դիրքում, դա խոսում է այլ խնդրի մասին՝ կամ քնի համար հատկացված ժամանակն է քիչ, կամ էլ այդ ժամանակը չի օգտագործվում հանգստի համար: Իրավապաշտպանի տվյալներով՝ այս տարվա մահերից երկուսը հենց քնի պատճառով են արձանագրվել: