20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի երազանքներն անավարտ մնացին. սպորտային լրագրողի մասնագիտությունն ընտրած և համալսարանի 4-րդ կուրսից բանակ զորակոչված երիտասարդի ինքնության և մահվան հանգամանքների մասին իրավապահներն ու պաշտպանության նախարարությունը արդեն 2 օր է՝ լռում են:
Զինծառայողը, որին երեկ մահացած էին գտել, ամենայն հավանականությամբ, դիրքերում, Չարենցավանից էր, Ռուս-հայկական համալսարանի ուսանող:
Արդյոք զինվորին սպանե՞լ են, թե՞ նա ինքնասպան է եղել. «Ազատություն»-ը չի կարողացել պաշտոնապես ճշտել, քանի որ Քննչական կոմիտեն այսօր ևս հրաժարվեց մանրամասներ հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների մասին:
Մինչ այդ տարբեր վարկածներ են շրջանառվում: Armlur-ի տեղեկություններով՝ «զինծառայողին հասցրել են ինքնասպանության»։ Լրատվամիջոցը գրում է, թե նախնական տվյալներով՝ զինվորը ծեծի է ենթարկվել:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն էլ շատ տեղեկություններ չուներ, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրեն հասած լուրերի համաձայն՝ կարծես թե «ինքնասպանության» մասին են խոսում, մանրամասներին, սակայն, չէր տիրապետում:
«Երեկ տեղեկացվել ենք: Քաղաքապետարանից, ռազմական ոստիկանությունից, զինկոմիսարիատից գնացել են, ընտանիքի անդամներին ասել են էդ գույժի մասին», - ասաց Շահգալդյանը:
Մահացած Նարեկի Թորոսյանի հոր ընկերոջ՝ Արայիկ Բաբայանի փոխանցմամբ՝ տղան բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին, վերջերս էր արձակուրդ եկել:
Երիտասարդ տղայի մահվան հանգամանքների մասին ստույգ մանրամասներ չգիտեր, միայն ասաց, որ Նարեկը Ճամբարակում էր ծառայում: Տղայի ծնողները իրավապահներից պատասխաններ են սպասում:
Նարեկը մինչև այս տարվա հունվարը ուսանող էր՝ Ռուս-հայկական համալսարանում: Բուհի Լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը «Ազատությանը» պատմեց, որ տղան առանց որևէ խոչընդոտի 4 տարի սովորել է բուհում, 4-րդ կուրսի առաջին կիսամյակն ավարտելուց հետո զորակոչել են բանակ: Թե ինչ պատճառաբանությամբ՝ Ալեքյանը տեղյակ չէր:
20-ամյա Նարեկը, որ մի քանի ամսից պետք է ավարտեր բուհը, երազում էր սպորտային լրագրող դառնալ, սակայն հուլիսի 21-ին, դիրքերում տեղի ունեցածը վերջ դրեց Նարեկի երազանքներին: Տղան այնքան շատ էր բուհի հետ կապված, որ անգամ վերջերս, երբ արձակուրդ էր եկել, համալսարան է այցելել:
Պաշտպանության նախարարությունը, որ զինծառայողի մահվան հանգամանքների մասին որևէ տեղեկություն չի հայտնել, այսօր էլ հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, նշելով, որ վարույթ է նախաձեռնված՝ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու նպատակով:
«Զինվորի կյանքի համար պատասխանատուն ՊՆ-ն է». իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անթույլատրելի է համարում Պաշտպանության նախարարության լռությունը: Իրավապաշտպանն ընդգծում է, որ ռազմական գերատեսչությունը պարտավոր էր հաղորդագրություն տարածել զինծառայողի մահվան վերաբերյալ, մինչդեռ, անգամ հրապարակավ ցավակցություն չեն հայտնել զինվորի հարազատներին:
Ալեքսանյանի համոզմամբ, պաշտպանության նախարարը լուռ մնալով պարզապես ուզում է իրեն հեռու պահել մահվան դեպքերից:
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեին, ապա Ալեքսանյանը նկատում էր, որ զինվորի մահվան վերաբերյալ իրավապահ մարմինը երեկ անորոշ մի հայտարարություն էր արել, անգամ առանց մահացած զինծառայողի անունը նշելու, հետո կոմիտեն ավելացրեց 20-ամյա տղայի անվան սկզբնատառերը, տեղեկացնելով, որ քրեական վարույթ են նախաձեռնել:
«2 -րդ օրն է որևէ տեղեկություն չկա , թե ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, սա նվաստացնող վերաբերմունք է զինծառայողի հիշատակի, նրա հարազատների նկատմամբ: Այդ կրթված տղան ծառայել է բանակում, և հիմա վերադարձնում են ծնողներին նրա անշուչ մարմինը և որևէ պատասխանատու չկա, անգամ ցավակցող չկա, կարծես ոչինչ տեղի չի ունեցել», - նշեց իրավապաշտպանը:
Անցած 7 ամիսների ընթացքում պաշտոնապես հաղորդվել է ութ զինծառայողի մահվան մասին: Ինչո՞ւ հայտարարվող բարեփոխումներին զուգահեռ զինված ուժերում, այն էլ խաղաղ պայմաններում, չի հաջողվում կանխել զինծառայողների մահերը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ տասնամյակներ շարունակ բարձրաձայնում է բանակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների մասին, կարծում է, որ չդադարող մահերի պատճառը զինվորական վերնախավն է, որը պարզապես քայլեր չի ձեռնարկում բանակում «կրիմինալ» մթնոլորտը փոխելու համար: Իրավապաշտպանի համոզմամբ՝ պարզապես պետք է վերահսկողություն և կանոնադրության կիրառում, որը, սակայն, չկա: