Պայթյունից զոհված պայմանագրային զինծառայող մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նա կալանավորվել է երկու ամսով, «Ազատությանը» հայտնում են Քննչական կոմիտեից:
Թե ի՞նչ հոդվածով է հարուցվել հանրային քրեական հետապնդումը, Քննչականից չեն հայտնում: Քննչական կոմիտեն նաև չի հաստակեցնում, թե ով է կալանավորված անձը:
Զինվորի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը հայտնեց սեպտեմբերի 24-ի կեսօրին: Բայց ոչ ռազմական գերատեսչությունը, ոչ էլ մահվան հանգամանքներն ուսումնասիրող Քննչական կոմիտեն չեն հստակեցրել՝ ի՞նչ պայթյուն է եղել, որտե՞ղ՝ զորամասո՞ւմ, թե՞ դրանից դուրս: Չի հստակեցվում նաև հարցը, թե արդյոք զինվորը կյանքին վերջ է տվել նռնակի միջոցով, ինչպես մամուլում է շրջանառվում:
Պայթյունից զոհված պայմանագրային զինծառայողը Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից էր: Դմիտրի Կյուրեղյանը 23 տարեկան էր: Վարչական ղեկավարն «Ազատությանն» ավելի վաղ ասել էր՝ դեպքի մանրամասներին չի տիրապետում:
Այս դեպքից առաջ այս տարվա ութ ամիսներին ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 14 զինծառայող է մահացել: