«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն այսօր տեսախցիկների առջև ընդմիջվեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի բանավեճով։
«Քաղաքացին ամիսներով դեգերում է էս շենքերի մոտ, որ կարողանա այդ համակարգից ազատվել», - ասում է Էդմոն Մարուքյանը։
«Համակարգը գործառույթի առումով փոխե՞լ, թե լիազորությունների իրականացման...»։
«Ոչ միայն գործառույթի, լիազորությունների իրականացման...»,- պատասխանում է Մարուքյանը։
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի, այսօր էլ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դիմաց էր «Լուսավոր Հայաստանն» անցկացնում քարոզարշավը։ Մինչ տուգանքներ բռնագանձող կառույցի առջև Մարուքյանը պնդում էր, թե հակառակ իշխանության խոստմանը՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ» է մնացել, շենքից դուրս եկավ ոլորտի անմիջական պատասխանուն, որը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու է, ու իր անհամաձայնությունը հայտնեց։
«Մենք բողոքում ենք այդ գործառույթի իրականացումից, երբ պետությունը սառեցնում է գործառույթը շատ արագ, վայրկյանների ընթացքում»,- ասում էր Մարուքյանը։
Ինչին ի պատասխան արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հարց ուղղեց քաղաքական գործչին. «Նման դեպքերի ականատես եղե՞լ եք»։
Մարուքյանը վստահեցրեց՝ «բազմաթիվ»։ Նա կոնկրետ օրինակ ուներ, որն իր կուսակցի հետ էր պատահել, ով էլ անձամբ պատմեց պատահածը. «Ես մի կերպ էդ հարկային պարտավորությունները վճարել եմ, ու հիմա, անցյալ տարվա մայիս ամսից, 101 հազար դրամի կալանքն առ այսօր իմ հաշվի վրա դրված է»։
«Այսինքն՝ սառեցնելուց սառեցնում եք, տիկին նախարար, հանելուց՝ չեք հանում»,- պարզաբանեց Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարն ասում էր՝ համակարգը չի գործում, նրա քաղաքական հակառակորդ արդարադատության նախարարը հակառակն էր պնդում.
«...Էլեկտրոնային համակարգը անխափան աշխատում է»,- ասում էր Սրբուհի Գալյանը, որի հետ չէր համաձայնում Էդմոն Մարուքյանը, նշելով, թե՝ «չի աշխատում»։
Իշխանության գալու դեպքում «Լուսավոր Հայաստանը» խոստանում է լուծարել Հարկադիրը։ Գալյանն այս կտրուկ լուծումը խելամիտ չհամարեց։
«Ինչպե՞ս եք «այլ կերպ»... Բա ո՞նց ապահովել ձեր քաղաքացիների պարտավորությունները»,- հարցրեց Սրբուհի Գալյանը։
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ «այլ համակարգ» են ներդնելու։
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարն ավելի հեռուն գնաց ու պնդեց, թե պետական բյուջեում տուգանքը որպես եկամտի աղբյուր է նշված։ Գալյանը զարմացած հակադարձեց, թե բյուջեում նման տող չկա.
«Ո՞նց կարելի է ժողովրդին տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր»,- ասում էր Մարուքյանը։ Գալյանը հարցրեց, թե՝ «ինչո՞ւ ենք պլանավորում...»։
Մարուքյանը շարունակեց. «Տուգանք է պլանավորվում, թե տարեկան ինչքան մարդ է տուգանվելու, հետո գերակատարվում է տուգանքը, ժողովուրդ ջան... Ո՞նց կարելի է մարդկանց տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Ժողովուրդը հեղափոխությունից ութ տարի անց շարունակում է տուգանվել անդադար, անդադար»։
«Ուզում եք ասել՝ իրավախախտումները հանե՞նք, ոչ մի տուգանք չլինի՞»,- հակադարձեց արդարադատության նախարարը։
Մարուքյանը հավելեց. «Իրավախախտումների տրամաբանություն կա, չափ կա, ձև կա, կարգ կա, մի հատ գիծ տրորելու համար՝ ինչքա՞ն մարդ է այսօր տուգանված, հաշիվները արգելանքի տակ, տարբեր պրոբլեմների առջև կանգնած»։
«Եկեք անկեղծ խոսենք»,- շարունակեց նախարար Գալյանն ու ընդունեց, որ համակարգից չեն կարող դժգոհություններ չլինել։
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այն ծառայությունը չէ, որ քաղաքացիները մշտապես գոհ լինեն, որովհետև ուզենք, թե չուզենք, այս ծառայությունը զբաղված է դատական ակտերի կատարումով։ Այդ դատական ակտերը ենթադրում են քաղաքացու գույքի բռնագանձում շատ դեպքերում»,- ասաց նախարարը։
Մարուքյանը հակադարձեց. «Հիմա դուք ուզում եք ասել, որ տուգանքները դատական ակտե՞ր են...»։
Խոսքից խոսք ու երեխաների իրավունքներին հասան։ Մարուքյանը հիշեցրեց, թե ընդամենը օրեր առաջ է Վեդիում բացահայտվել անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության սարսափելի դեպքը, որի վրա, նրա խոսքով, իրավապահները ամիսներով աչք էին փակել։ Փաստացի՝ փետրվարին երեխաների նկատմամբ բռնության մասին առաջին ահազանգին իրավապահները երեք ամիս ընթացք չէին տվել, դա արեցին միայն լրագրողների բացահայտումներից հետո, ենթադրյալ բռնարարները կալանավորվեցին, ապա Արարատի իրավապահ համակարգի հինգ պաշտոնյա ազատվեց գործից։
Գալյանը համաձայն չէր, թե գործը կոծկվել է, բայց և ընդունեց, որ լրագրողների հրապարակումներն են արագացրել քննությունը։
«Իրենց կողմից խնդրի բարձրաձայնումը արագացրեց գործընթացը»,- ասաց նախարարը։
«Այդ մարդիկ, կայծակնային պետք է գործից հանված լինեին, տիկին նախարար, կայծակնային... Այսինքն՝ լրագրողները, որոնք ձեզնից ոչ մի պարգևավճար չեն ստանում, էդ մարդիկ չլինեին...»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը խոսում է «պատժի անխուսափելիությունից», որ՝ «գործը կոծկում էին, փակում էին, և դա տեղի ունեցավ»։
Տիկին նախարարը հակադարձեց. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պատժի անխուսափելիությունը ապահովող ինստիտուտներից մեկն է»։
«Միայն խեղճ ու կրակ մարդկանց, միայն խեղճ ու կրակ մարդկանց»,- պատասխանեց Էդմոն Մարուքյանը։
Նախարարը եկել էր հարկադիր կատարման ծառայության հիմնադրման 28-ամյակի միջոցառմանը և Մարուքյանի հետ բանավիճելուց հետո հեռացավ։ Կուսակցությունն էլ ավարտեց իր քարոզչությունը։