Այսօր «Ուժեղ Հայաստան»-ը Տավուշի մարզում իր քարոզարշավն սկսել էր Բագրատաշենից, այնուհետև եկել էին փախստականներով բնակեցված Զորական գյուղ, հետո՝ Կողբ, իսկ ավելի մեծ հանրահավաք տեղի ունեցավ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում։
Այստեղ հնչեցին «Ուժեղ Հայաստան»-ի հիմնական թեզերը, խոստումները այն մասին, որ զրո տոկոս հարկ են ապահովելու փոքր բիզնեսի համար, 300 հազար նոր աշխատատեղ են ստեղծելու, ինչպես նաև անվճար կրթության ու գյուղատնտեսության բարելավման ծրագրերի մասին խոսեցին։
Հատուկ շեշտադրումով Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակը, խոսեց սահմանների անվտանգության մասին և, ինչպես միշտ ասում են, երաշխավորի անհրաժեշտության։ Խաղաղությունը,
ըստ նրա, անհնար է առանց երաշխավորի, քանի որ չեն վստահում Ալիևին։
«Մենք ուզում ենք այս մարդու հետ իրապես կնքենք խաղաղության պայմանագիր, բայց ուզում ենք, որ այդ պայմանագրով երաշխավոր լինի։ Մենք իրենց չենք վստահում, ժողովուրդ, ես չեմ վստահում իրենց, դուք եթե վստահում եք, ասեք։ Ես թուրքերին չեմ վստահում, այս խաղաղությունը ուզում եմ մեկը երաշխավորի, որ երբ որ 50 ասկյար սահմանը հատեն, միջազգային մեխանիզմ լինի, հարևան երկիր լինի, որպեսզի մենք իմանանք, որ բացի իրենց քմահաճույքից ուրիշ երաշխիք էլ ունենք», - հայտարարեց Կարապետյանը:
Նոյեմբերյանում «Ուժեղ Հայաստան»-ի անդամներին դիմավորեց անձամբ քաղաքապետ Արսեն Աղաբաբյանը. նա «Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ է, 2021 թվականին թեև «Քաղաքացիական պայմանագիր»-ը ավելի շատ թվով ձայն էր ստացել, բայց երկու ընդդիմադիր կուսակցություններ միավորվեցին և կարողացան իրենց թեկնածուին անցկացնել ու ընտրել քաղաքապետ։
Այստեղ ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, նա նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել 2021-ին, ակնկալում են, որ այդ նույն արդյունքը, այսինքն՝ ընդդիմադիրների մեծ թվով ձայներ ստանալը, տեղի կունենա նաև հունիսի 7-ի ընտրություններին։
«Նոյեմբերյանցիների քվեի շնորհիվ արդեն հինգ տարի է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընդդիմություն է։ Եվ հունիսի 7-ին ոչ միայն Նոյեմբերյանում, այլև ամբողջ Հայաստանում մենք պետք է «Քաղաքացիական պայմանագրին» սարքենք ընդդիմություն։ Եվ ընտրությունների կարևորությունը հենց կայանում է նրանում, որ ընտրություններով հնարավոր է և մենք փոխելու ենք իշխանություն», - հայտարարեց Առաքելյանը:
Այսօր նաև Բերդ համայնքի Պառավաքար գյուղում էին «Ուժեղ Հայաստան»-ի անդամները, որտեղ նրանց վարչական ղեկավարը դիմավորեց և նույնիսկ հայտարարեց, որ չի վախենում, բացահայտ աջակցում է ընդդիմադիր այս ուժին:
Մարդիկ այստեղ բարձրացրեցին հիմնականում սոցիալական հարցեր, թանկացումները նշեցին և, իհարկե, խաղաղության մասին էին խոսում, նշում, որ ուզում են ավելի ուժեղ ղեկավար, որն իրենց ավելի հաստատուն խաղաղություն կբերի։ «Քսանքանի հոգի զոհ ենք տվել մենք», - ասաց գյուղի բնակիչներից մեկը: