Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ վաղը վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։
Հայաստանի վարչապետի խոսնակն ավելի վաղ Ֆեյսբուքում գրել էր. - «Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք»:
Ադրբեջանի նախագահը երեկ է ժամանել ԱՄԷ:
Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը ամենամյա, անկախ և միջազգային մրցանակ է, որը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գործող անհատներին կամ կազմակերպություններին, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ հարթում՝ ստեղծելով իրական մարդկային կապեր՝ հաճախ անձնական զոհողությունների գնով։ Մրցանակի դափնեկիրները ստանում են 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Մրցանակն անվանակոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին։