Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ընտրվել է որպես 2026 թվականի մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի» դափնեկիր, այս մասին ասված է «Զայեդ» հիմնադրամի պաշտոնական էջում:
Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը ամենամյա, անկախ և միջազգային մրցանակ է, որը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գործող անհատներին կամ կազմակերպություններին, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ հարթում՝ ստեղծելով իրական մարդկային կապեր՝ հաճախ անձնական զոհողությունների գնով։ Մրցանակի դափնեկիրները ստանում են 1 միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ տարիներին մրցանակին արժանացել են օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը,Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով 2025-ի ապրիլին մահացավ:
Մրցանակը անվանակոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն այսօր ֆեյսբուքում գրել է. «Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք»:
Նախորդ տարվա հուլիսին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում մոտ հինգ ժամ բանակցություններ են անցկացրել, քննարկել «Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ»: