Մատչելիության հղումներ

ՌԴ ուժայինները Մոսկվայում խափանել են Նավալնիի հիշատակին Բեռլինում կազմակերպված համերգի հեռարձակման դիտումը


ՌԴ հատուկ ջոկատայինները խափանել են բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակին կազմակերպված «Ողջույն, սա Նավալնին է» բեռլինյան համերգի համատեղ դիտումը Մոսկվայում, հաղորդում է «Ազատության» ռուսկան ծառայությունը՝ վկայակոչելով "ОВД-Инфо"-ին։

Ըստ աղբյուրի՝ շուրջ 30 մարդ է բերման ենթարկվել, տեղում հարցաքննվել։

"Сота"-ն իր հերթին նշում է, որ "Рассвет" կուսակցության երիտասարդական թևի անդամները հավաքվել էին «Էլեկտրոզավոդսկայա» կայարանի մոտ գտնվող մի սրահում։

"Сота"-ն նաև ականատեսներից տեսանյութ է հրապարակել, որտեղ իբր երևում է, թե ինչպես են դիմակավորված ոստիկանները մոտենում շենքին։

Ոստիկանությունը չի մեկնաբանել սպաների գործողությունները։

Ալեքսեյ Նավալնին հունիսի 4-ին կդառնար 48 տարեկան։ Նրա հիշատակին ընդդիմադիր գործչի թիմը համերգ էր կազմակերպել Բեռլինում, իսկ ուղիղ հեռարձակումն իրականացվել է "Навальный LIVE" ալիքով։ Կազմակերպիչները խոստացել են տոմսերի վաճառքից ստացված հասույթը նվիրաբերել Ռուսաստանում քաղբանտարկյալներին։

Նավալնիի հիշատակին նվիրված ցույցեր են անցկացվել նաև աշխարհի այլ քաղաքներում, ինչպես նաև Ռուսաստանում։ Ռուսաստանում ոստիկանները բերման են ենթարկել մի քանի անձանց, ովքեր ծաղիկներ են դրել քաղաքական գործչի հիշատակին։ Իսկ Սանկտ Պետերբուրգում ակտիվիստ Վիտալի Յոֆեին ոստիկանությունն արգելել է պիկետ անցկացնել քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանի մոտ:

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Նավալնիի մահը «սպանություն» է որակված, որի համար «քրեական և քաղաքական պատասխանատվություն» է կրում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG