Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2024-ի փետրվարի 16-ին ռուսական բանտում սպանվել է էպիբատիդինից՝ մահացու թույն, որը պատրաստվել է հարավամերիկյան (էկվադորյան) թունավոր գորտի մաշկում պարունակվող թույնից, հայտարարել են եվրոպական հինգ երկրներ։
Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունների հայտարարությունում նշվում է, որ նման եզրահանգման են եկել հիմնվելով Ալեքսեյ Նավալնիի մարմնի կենսանյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա։
Հայտարարությունում ընդգծվում է, թե Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Նավալնին մահացել է բնական մահով, սակայն հաշվի առնելով նրա մարմնում թույնի առկայությունը և փաստը, որ Նավալնին մահացել է ռուսական գաղութում, երկրները եզրակացնում են, որ Ռուսաստանի իշխանություններն ունեին հնարավորություն և դրդապատճառ՝ ընդդիմության առաջնորդին թունավորելու համար։
«Միայն ռուսական պետությունն ուներ միջոցներ, դրդապատճառ և հնարավորություն մշակելու այս մահացու թույնը՝ թիրախավորելու Նավալնիին Սիբիրի ռուսական գաղութում նրա բանտարկության ժամանակ, և մենք նրա մահվան համար հենց Ռուսաստանին ենք պատասխանատու համարում», - ասվում է հայտարարությունում։
Հայտարարությունում հիշատակվում է, որ Նավալնիին փորձել էին սպանել նաև 2020-ին՝ «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորման միջոցով։ Եվրոպական երկրները Ռուսաստանին մեղադրել են նաև Քիմիական զենքի մասին կոնվենցիան խախտելու մեջ։
«Մենք հիմա գիտենք, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է քիմիական զենք օգտագործել իր սեփական քաղաքացիների դեմ՝ իշխանությունը պահպանելու համար», - սոցցանցում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը հրապարակել է Նավալնիի կնոջ՝ Յուլյա Նավալնայայի հետ լուսանկար՝ գրելով, որ միայն Ռուսաստանի իշխանություններն ունեին Նավալնիին թունավորելու դրդապատճառ ու հնարավորություն։
«Ռուսաստանը Նավալնիին որպես սպառնալիք էր տեսնում։ Այս տեսակի թույն օգտագործելով՝ ռուսական պետությունը ցույց է տվել իր տրամադրության տակ եղած նողկալի գործիքները և այն համատարած վախը, որը ունի քաղաքական ընդդիմության նկատմամբ», - Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Քուփերը։