ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած անհայտ անօդաչու թռչող սարք է խոցել։ Այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է միջադեպի մասին։ Նրանց տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը Մոլդովայի օդային տարածք է մտել ժամը 04:31-ի սահմաններում՝ թռել է մի քանի բնակավայրերի վրայով և 20 րոպե հետո անցել է Ռումինիայի օդային տարածք։ Մոլդովայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ անօդաչու թռչող սարքը մասնակցել է ռուսական բանակի կողմից Ուկրաինայի հրետակոծությանը։
Reuters-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի խոսնակ Մարտին Օ'Դոնելը ասել է, որ զինվորականները դեռևս հետաքննում են միջադեպի հանգամանքները, բայց ըստ նրա, անօդաչու թռչող սարքը պատկանում է Ռուսաստանին։
Ուկրաինայի Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել են ռուսական ուժերի կողմից գիշերային հարձակման մասին։
Սա տարեսկզբից ի վեր չորրորդ նմանատիպ միջադեպն է։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հուլիսի 26-ին հայտարարել էր F-16 կործանիչով երկրի օդային տարածքում երեք օրում երեք ռուսական անօդաչու խոցելու մասին։
Այս միջադեպերին հաջորդել էր Ռումինիայից ՌԴ դեսպանության դիվանագետներից մեկի արտաքսումը: Ռուսական անօդաչուների՝ Ռումինիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ բողոքով երկրի Արտգործնախարարություն կանչված Ռուսաստանի դեսպանը անընդունելի է համարել Մոսկվային ուղղված մեղադրանքները:
«Որևէ ապացույց չի ներկայացվել, որ անօդաչուները Ռուսաստանին էին պատկանում։ Թռիչքի տեխնիկական պարամետրերի վերաբերյալ հարցերից որևէ մեկին պատասխան չի տրվել», - ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։