Մատչելիության հղումներ

Փաշինյանը թաքցնում է սահմանագծման քարտեզը. Տիգրան Աբրահամյան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում անդրադառնում է սահմանազատմանը, դրա վերաբերյալ վարչապետի վերջին հայտարարություններին։

«Միջազգային պրակտիկայի տեսանկյունից մինչև քարտեզը ամբողջության մեջ սահմանազատման չի ենթարկվում, քարտեզի վրա մինչև աշխատանքը չի ավարտվում, դեմարկացիան, այսինքն, հողի վրա աշխատանքը չի սկսվում», - ասաց նա։

«Ազատություն» - Մեկնաբանելով այդ թվում և Ձեր քննադատությանը, թե ինչու է սահմանագծում իրականացվում տեղային, ամենախոցելի հատվածներից, վարչապետը երեկ կրկին ասաց, որ որովհետև դրանք բնակավայրեր են եղել ժամանակին, դա Ադրբեջանի փաստարկն է, և միջազգային հանրությունն ընկալում է այդ փաստարկը, այլ հատվածներում, որոնք, օրինակ, Ադրբեջանն է օկուպացրել, մարդիկ չեն ապրում։

Տիգրան Աբրահամյան - Գիտեք, ավելի անհեթեթ հիմնավորում հատվածական սահմանազատում իրականացնելու մասով շատ դժվար է պատկերացնել, որովհետև միջազգային պրակտիկայի տեսանկյունից մինչև քարտեզը ամբողջության մեջ սահմանազատման չի ենթարկվում, այսինքն, քարտեզի վրա մինչև աշխատանքը չի ավարտվում, դեմարկացիան, այսինքն, հողի վրա աշխատանքը չի սկսվում։ Ինչի համար է սա միջազգային առումով պրակտիկա դարձել, որովհետև սա կանխատեսելիություն է առաջին հերթին բերում, սա բերում է նաև փոխադարձ վստահություն, գոնե այն մասով, որ գոնե համաձայնությունների կամ այդ պայմանավորվածությունների ամրագրման փուլում կողմերն ունենում են սահմանի բոլոր հատվածների նկատմամբ փոխհամաձայնեցված սկզբունքներ։

Հիմա ո՞րն է երաշխիքը, որ մի փուլում այս գործընթացը չի կանգնի, պայմանականորեն այն փուլում, երբ որ Ադրբեջանը համարի, որ այն, ինչ որ ինքը պետք է ստանար, ստացել է և այլևս անհրաժեշտ չհամարի։

«Ազատություն» - Չէ, դե թուղթ են ստորագրել, որ սահմանագծում են անելու, և քաղաքական հիմքն էլ Ալմա-Աթայի հռչակագիրն է։

Տիգրան Աբրահամյան - Հիմա երկու բան կա այստեղ։ Առաջինը՝ ես այնպես չեմ ասում, որ հենց այնպես Ադրբեջանը մի օր հայտարարի, որ գիտեք, վաղվանից մենք կանգնեցնում ենք գործընթացը, որևէ մեկը կասկածո՞ւմ է Հայաստանում, որ Ադրբեջանն ինչ-որ պահի կարող է բերել այնպիսի «հիմնավորումներ», որ Հայաստանը գնում է գործընթացի տապալման, Հայաստանը կառուցողականությունից դեստրուկտիվի է անցում կատարել և այլն, և այլն։ Այսինքն, այն, ինչ բանակցային գործընթացի տարբեր փուլերում տեսել ենք։ Խնդիրն այն չէ, որ Ադրբեջանն ասելու է՝ այո, ինձ բավարարում է այս իրավիճակը, ես տապալում եմ գործընթացը, ինչպես եղել է տարբեր փուլերում Հայաստանի կամ Արցախի դեմ ռազմական գործողություններ նախաձեռնելու ժամանակ, Դուք չեք հանդիպի որևէ իրավիճակի, որ Ադրբեջանն ասի, որ այս իրավիճակից ելնելով՝ ես գնում եմ հարձակման։

Բոլորը փորձել են ներկայացնել որպես հակահարձակում, որպես հակահայկական ագրեսիա, որից իրենք ընդամենը պաշտպանվում են և այլն։ Ի դեպ, միջազգային հանրության մասին որ ասում եք, միջազգային հանրությունը մեծ առումով արձագանքում է համաձայնությանը, ինքը դետալների մեջ չի մտնում։

Միջազգային հանրության համար ի՞նչն է, ամեն երկիր ունի իր առաջնորդությունը չէ՞ մեր երկրում։ Եթե այդ երկրների համար առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հաղթահարումն է, ապա որևէ երկիր՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը կամ դրա անդամ պետություններից որևէ մեկը չի գալու, մտնի գործընթաց, ասի՝ բա դուք ինչո՞ւ եք այս գյուղը ստեղ տալիս, կամ այնտեղ չեք տալիս։ Իրենց համար կարևոր է, որպեսզի այդ հակամարտությունը գնա կարգավորման ուղղությամբ։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG