Մուսաևը դատարանում ոչինչ չի ասել. նրա խափանման միջոցը 3 ամսով երկարացվել է

Սյունիքի մարզի Գորիսի դատարանում երեկ տեղի ունեցած դատական նիստում երեք ամսով երկարացվել է Շաքի գյուղ ներխուժած և բնակիչներից Անի Ավետիսյանին ծանր հրազենային վնասվածքներ հասցրած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը:

ԱԱԾ մեկուսարանից Գորիս բերված Նասիմի Մուսաևը, ըստ նրա պաշտպանի, երեկ դատարանում հրաժարվել է խոսել:

«Թարգմանիչից հարցրեցի, ասեցի՝ բան ունի՞ խոսելու, ասաց՝ «չէ, ոչ մի խոսք չի ասել», - փոխանցեց Մուսաևի պաշտպանը՝ պնդելով, որ ադրբեջանցի զինծառայողն ընդունում է իր մեղքը:

Հայաստանի սահմանն ապօրինի հատելու և Անի Ավետիսյանի տուն ներխուժելու դրդապատճառների մասին պաշտպանը չցանկացավ խոսել՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին:

8 հոդվածներով մեղադրվող Նասիմի Մուսաևը սահմանն ապօրինի հատելուց հետո հաջողացրել էր աննկատ Հայաստանի տարածքում մնալ 5 օր՝ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ը:

«AKM» տեսակի ինքնաձիգով, 140 հատ մարտական փամփուշտով և սվին դանակով զինված Մուսաևին այդ ողջ ընթացքում ո՛չ սահմանապահ ծառայությունը, ո՛չ պաշտպանական գերատեսչությունը, ո՛չ ոստիկանությունը և ո՛չ համայնքային իշխանությունները չէին հայտնաբերել:

Սեպտեմբերի 30-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, Մուսաևը անարգել հասնելով Սիսիանի Շաքի գյուղ, մուտք է գործել Անի Ավետիսյանի բնակարան, որտեղ գտնվել է մինչև հոկտեմբերի 1-ը:

Արդեն հոկտեմբերի 1-ի ցերեկը Մուսաևին իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանի անչափահաս երեխաները: Նրանց ադրբեջանցի զինծառայողը զրկել էր ազատությունից՝ խլելով նաև նրանց հեռախոսները:

Այդ ընթացքում տուն էր հասել մայրը՝ Անի Ավետիսյանը: Նա երեխաներին պաշտպանելու նպատակով կռվի էր բռնվել զինված ադրբեջանցու հետ՝ հրազենային ծանր վնասվածքներ ստանալով:

Մուսաևի դատական նիստը հետաձգվել է

Մուսաևի գործով երեկ Գորիսում մեկնարկած դատական նիստը հետաձգվել է մինչ դեկտեմբերի 14-ը: Ավետիսյանի պաշտպան Լիաննա Գրիգորյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ինքն է խնդրել նիստը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Գրիգորյանը միայն երեկ է ներգրավվել որպես փաստաբան:

Տուժող Անի Ավետիսյանը ծանր վնասվածքների պատճառով երեկվա դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն չի ունեցել: 39-ամյա կինն արդեն 2 ամիս է՝ հիվանդանոցում է: Նրան 3 անգամ վիրահատել են, առջևում դեռ էլի վիրահատություններ են սպասվում:

Ստացած հրազենային վնասվածքների հետևանքով երիտասարդ կնոջ ոտքը ծանր վնասվել է, ինչի արդյունքում այն կարճացել է շուրջ 10 սանտիմետրով: Բժշիկներն այժմ փորձում են վերականգնել նրա քայլելու հնարավորությունը: Անին հրազենային վնասվածքներից ամբողջությամբ կորցրել է նաև ձեռքի բութ մատը, մասնակի՝ 2 մատները:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Անին ասաց, թե փոփոխություն դեռ չկա: Բուժանձնակազմի օգնությամբ մի կերպ կարողանում է մեկ ոտքի վրա կանգնել:

«Էնքան, որ արագիլի նման մի ոտքի վրա կանգնեցնում են», - ասում է կինը:

«Կարևորը որ իրեն ճիշտ ձևով դատեն»

Անին հիվանդասենյակից է հետևում ադրբեջանցի զինծառայողի մեկնարկած դատավարությանը: Ասում է, որ եթե ի վիճակի լիներ, շատ կցանկանար Գորիս մեկնել՝ մասնակցելու դատական նիստերին:

Ավետիսյանը ցմահ բանտարկություն է պահանջում ադրբեջանցի զինծառայողի համար, ինչպես ինքն է ասում՝ «իրեն կիսամարդ դարձնելու և իր երեխաներին ոչ միայն ֆիզիկական, այլև ծանր հոգեկան տառապանքներ պատճառելու համար»:

«Ինձ իր ցուցմունքը հեչ հետաքրքիր չէ, կարևորը, որ իրեն ճիշտ ձևով դատեն», - ասում է Անին:

Ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, ապօրինի զենք կրելու, շրջանառելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, գողության, առողջությանը ծանր վնաս պատճառելու և ազատությունից ապօրինի զրկելու համար:



​
XS
SM
MD
LG