Մատչելիության հղումներ

««Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են». Տոնոյան

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են տեղի ունենում, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր այն հարցի շուրջ, թե մամուլում տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» կենտրոն ծանուցում է ուղարկվել՝ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին, արդյոք այս լուրը համապատասխանում է իրականությանը, Ծառուկյանի խոսնակը հաստատեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել և, որ վիճարկելու են դատարանում:

«Այդ տարածքը վարձակալությամբ է տրված «Մուլտի Գրուպ» կոնցեռնին մինչև 2065 թվականը: Իրավաբաններն իրենց առարկություններն արդեն իսկ ներկայացրել են: Մենք գնալու ենք իրավական ճանապարհով, որովհետև հասկանալի է, որ մինչև 2065 թվականն ունենալով վարձակալության պայմանագիր մեկ գիշերում, երբ նման որոշում է կայացվում, հասկանալի է, որ քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում են այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ տեղի ունենում»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Քաղաքապետարանի խոսնակն «Ազատությանը» միայն փոխանցեց, թե այդ հարցը քննարկում են, այլ մանրամասներ չհայտնեց:

Դեռևս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատ ցեմենտի» գործարանը պետականացնելու մասին, այնուհետև շարունակել էր այդ ցանկը՝ հասնելով Ծառուկյանի առանձնատանը: Վարչապետն իր քաղաքական մրցակցի գործարանը համարում էր նրա «բիզնես ողնաշարը», «մաֆիա» էր անվանում Ծառուկյանին ու նրա խնամիներին և սպառնում, որ շատ արագ կլուծվի գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը՝ այնպես, ինչպես եղավ մյուս մրցակցի՝ Սամվել Կարապետյանի էլցանցերի դեպքում: ԲՀԿ առաջնորդն էլ պատասխանել էր, թե «իրեն դրանով չեն վախեցնի»:

Գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, թե 2000-ականների սկզբին «Արարատ ցեմենտի» գործարանը խախտումներով է մասնավորեցվել:


XS
SM
MD
LG