Մատչելիության հղումներ

Մոսկվան զգուշացնում ու սպառնում է Փարիզին և Լոնդոնին

Storm Shadow հրթիռը, արխիվ
Storm Shadow հրթիռը, արխիվ

Ռուսաստանը կարող է հարվածել բրիտանական ռազմական թիրախներին թե՛ Ուկրաինայում և թե՛ դրանից դուրս՝ ի պատասխան բրիտանական հրթիռներով Ուկրաինայից Ռուսաստանին հասցվող հարվածների, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Մարիա Զախարովան ասել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան «կրակի հետ են խաղում»՝ Ուկրաինային տրամադրելով Storm Shadow հեռահար հրթիռների արտադրության տեխնոլոգիաները, ինչը Կիևին թույլ կտա նման հրթիռների սեփական արտադրություն սկսել: Սա, ըստ Զախարովայի, կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ինչպես Փարիզի, այնպես էլ Լոնդոնի համար։

«Ես ուզում եմ կրկնել, և բոլորը պետք է գիտակցեն դա՝ ոչ միայն Արևմուտքում այս որոշումները կայացնողները, այլև դրանք իրականացնողները կրակի հետ են խաղում, և հետևանքները կարող են բացարձակապես անկանխատեսելի լինել, այդ թվում՝ անձամբ իրենց համար», - պնդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը երկուշաբթի օրը Կիևում էր հայտարարել, որ Ուկրաինային կտրամադրվեն ֆրանս-բրիտանական արտադրության Storm Shadow հեռահար հրթիռների տեխնոլոգիաները, որպեսզի Կիևը կարողանա սեփական արտադրությունն սկսել։ Ֆրանսիան մինչ այդ էր տվել իր համաձայնությունը:

Զախարովան ասել է, թե ակնհայտ է, որ այդ տեխնոլոգիաներն ուկրաինացիներին հանձնելով՝ Լոնդոնն ու Փարիզը փորձում են ազատվել Ռուսաստանի խորքերին հասցվող հարվածների պատասխանատվությունից։ «Չի ստացվի», - շեշտել է նա՝ հավելելով, թե Արևմուտքն անմիջական պատասխանատվություն է կրում «այս ահաբեկչական հարձակումներին մասնակցելու համար»։

«Բրիտանական ղեկավարությանը կրկին կոչ ենք անում ուշադիր գնահատել իրավիճակը և անհապաղ, վճռականորեն և անվերապահորեն հրաժարվել թշնամական, ագրեսիվ ուղեգծից, որը միայն երկարացնում է Կիևի նեոնացիստական ռեժիմի տառապանքը և սպառնում է հակամարտությունը սրել միանգամայն նոր մակարդակի», - հայտարարել է Զախարովան:

Չնայած արտգործնախարարության ներկայացուցչի սպառնալիքներին՝ Կրեմլի խոսնակը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումները, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա: Ըստ նույն հաղորդումների՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆի Մոսկվա կատարած այցի նպատակն էր Ռուսաստանին զգուշացնել, որ զերծ մնա նման քայլից:

«Այսօր շատ են հրապարակվում այս տեսակի սարսափելի պատմություններ։ Իհարկե, դա ոչ մի կապ չունի իրականության հետ և ոչ մի կապ չունի Ռուսաստանի Դաշնության մտադրությունների հետ։ Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը», - ասել է Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նաև անդրադարձել է Financial Times-ի հրապարակմանը, ըստ որի՝ Եվրամիության որոշ երկրներ Բրյուսելին կոչ են անում վերսկսել Ուկրաինային աջակցելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու գործընթացը։ Պեսկովն զգուշացրել է՝ Ռուսաստանը կդիմի դատարան, եթե ԵՄ-ն իր սառեցված ակտիվների հետ կապված որևէ «անօրինական» քայլ ձեռնարկի:

Ու մինչ Ռուսաստանի և Եվրոպայի միջև լարվածությունն է՛լ ավելի է սրվում, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտնել է, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները կարող են վերսկսվել սեպտեմբերին՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։

ԱՄՆ-ի գլխավորությամբ անցկացված բանակցությունները դադարեցվեցին այս տարի, երբ Ուկրաինան մերժեց ավելի շատ տարածքներ զիջելու՝ Ռուսաստանի պահանջները, իսկ ԱՄՆ-ն կենտրոնացավ Իրանի հետ հակամարտության վրա։

Իսկ այս ընթացքում ռուսական զինուժը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, Կիևի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել: Ռուսական կողմը պնդում է, որ իր զորքերը ընդամենը 4 կմ են հեռու ռազմավարական կարևորություն ունեցող Սլավյանսկ քաղաքից:

Ուկրաինան, իր հերթին. հարվածել է ռուսական առցանց մանրածախ առևտրով զբաղվող Ozon ընկերության լոգիստիկ կենտրոններին Ուֆայում և Օրենբուրգում: Օբյեկտներից և ոչ մեկում հրդեհ չի բռնկվել։

Զապորոժիեի ատոմակայանը, որը պատերազմի ժամանակ է անցել ռուսական վերահսկողության տակ, հայտնել է, որ ուկրաինական զինուժը հարվածել է միջուկային օգտագործված վառելիքի պահեստի։ Հարվածն էական վնաս չի պատճառել: Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել լուրը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG