Միջազգային հանրությունը պետք է Ռուսաստանի վրա ավելի շատ ճնշում գործադրի, որպեսզի Մոսկվան նստի բանակցությունների, Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ հղած ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ին, Եվրոպային և ողջ աշխարհին կոչ է արել միասնական լինել այս հարցում, ապա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն մի կողմ կդնի պատրանքները, թե արդյոք Մոսկվան իսկապես ցանկանում է ավարտել արդեն հինգերորդ տարին ձգվող արյունալի այս պատերազմը:
«Մենք պետք է ռուսներին բերենք բանակցությունների սեղանի շուրջ։ Վերջապես անհրաժեշտ են պատժամիջոցներ՝ այնպիսիք, որոնք նրանց կստիպեն ցավից լաց լինել։ Ուկրաինային պետք է տրվի այն ամենը, ինչը կստիպի նրանց դադարեցնել պատերազմը։ Եվ դա հնարավոր է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին վստահեցրել է՝ Ուկրաինան խաղաղություն է ուզում, բայց նաև չի հանձնվի և թույլ չի տա, որ Ռուսաստանը ողջ աշխարհին խաբի, թե ամեն ինչ արագ կավարտվի, եթե Ուկրաինան հանձնի Դոնբասը: Նախագահը վստահեցրել է՝ Ուկրաինան չի հրաժարվի այն ամենից, ինչն իրենն է, և չի վստահում Ռուսաստանին, քանզի այդ երկիրը խաղաղություն չի ուզում։ Պուտինը հույս ունի, թե ուկրաինացիները հոգնել են, սակայն դա այդպես չէ, վստահեցրել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահը երբեք չի հասկացել ուկրաինացիներին:
Զելենսկիի խոսքով.- «Հիմա շատ ուշ է դրա համար։ Դուք ուզում էիք գրավել ամբողջ Ուկրաինան ... բայց փոխարենը կորցրիք նավթավերամշակման գործարաններ, նավատորմ, շահույթ և մի ամբողջ սերունդ, որին ուղարկեցիք մսաղաց։ Ուզում էիք, որ մենք անհետանանք քարտեզից։ Հիմա դուք եք դուրս մնացել քաղաքակրթության ապագայի միջազգային օրակարգից»։
Ավելի ուշ Զելենսկին և առաջին տիկինը Կիևում հարգանքի տուրք են մատուցել զոհված զինվորների հիշատակին։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, ի դեպ, իրենց զոհերի հստակ թիվը չեն բացահայտում, բայց անկախ հետաքննությունները հաստատել էին ռուսական կողմից ավելի քան 241, 000 զոհված զինվորականի անուն: Ուկրաինան վերջին անգամ իր կորուստների մասին հայտնել է այս փետրվարին՝ նշելով, որ սպանվել է 55,000 զինվորական:
Զելենսկիի ուղերձից առաջ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի։ «Ուկրաինայի Անկախության օրը մենք ցույց ենք տալիս մեր անսասան աջակցությունը»,- սոցցանցում գրել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ օգնությունը նախատեսված է հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադարների համար, որոնք «շտապ անհրաժեշտ են Ուկրաինային»։
Անկախության օրվա առթիվ Կիև են ժամանել ԵՄ պաշտոնյաներ և այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» երկրների մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Էնդի Բըրնհեմը: Սա այս պաշտոնում նրա առաջին այցն է Ուկրաինա:
Բըրնհեմի և Զելենսկիի նախագահությամբ ավելի ուշ նախատեսված է «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը: Կոալիցիան կքննարկի Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ուղիները, որպեսզի Մոսկվան դադարեցնի պատերազմը:
Բըրնհեմի և Զելենսկիի նախագահությամբ ավելի ուշ տեղի է ունեցել «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը՝ քննարկելու Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ուղիները, որպեսզի Մոսկվան դադարեցնի պատերազմը: Մեծ Բրիտանիայի վարչապետը դաշնակիցներին կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինան ռուսական հարձակումներից պաշտպանելու համար: Ըստ նրա՝ «Պուտինն այժմ հույս ունի, թե կարող է հաղթել՝ ուկրաինացի խաղաղ բնակիչների դեմ բալիստիկ հրթիռների կիրառմամբ իրականացվող ահաբեկչական արշավի միջոցով».
«Սա երբեք չի կարող լինել հաղթանակի ուղին, և մենք պետք է հստակ լինենք այդ ուղերձը հղելիս: Դա նշանակում է անել այն ամենը, ինչ կարող ենք, և աշխատել մեր դաշնակիցների հետ նաև այս կոալիցիայից դուրս՝ մեր սեփական օդային պաշտպանության պաշարները հարստացնելու համար... որպեսզի պաշտպանենք Ուկրաինան հրթիռներից»։
Կրեմլը քննադատում է Լոնդոնին
Մինչ այդ Կրեմլի խոսնակը քննադատել էր Մեծ Բրիտանիային՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար: Դմիտրի Պեսկովն ասել էր, թե Լոնդոնը «յուղ է լցնում կրակին» և ներգրավվում է պատերազմում՝ Կիևի կողմից։
«Մեծ Բրիտանիան մեթոդաբար և պարբերաբար յուղ է լցնում կրակի վրա և մեթոդաբար ու պարբերաբար ծրագրեր է մշակում՝ խաղաղ կարգավորման գործընթացում նույնիսկ աննշան առաջընթացը կանխելու համար։ Հենց դա է անում Մեծ Բրիտանիան»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Իսկ մինչ այդ Ռուսական զորքը հարվածել է Օդեսայի մարզի առևտրի կենտրոններին, սննդամթերքի պահեստներին և էներգետիկ ենթակառուցվածքներին։ Կան տուժածներ:
Ուկրաինական զինուժն իր հերթին անօդաչուներով հարվածել է Ozon առցանց առևտրի հարթակի լոգիստիկ կենտրոններին Ադիգեայում, Դաղստանում և Ստավրոպոլում: Ուկրաինական կողմը նաև պնդել է, որ ռուսական ռազմական գործարանի է հարվածել Ռոստովում: Ռուսական կողմը դեռ չի հաստատել դա:
Ավելի վաղ՝ Կիևը հարվածում էր օնլայն առևտրի մյուս խոշոր հարթակին՝ Wildberries-ի պահեստներին՝ պնդելով, որ դրանք օգտագործվում են ռուսական բանակի մատակարարման համար, մինչդեռ Wildberries-ը հերքում է այդ պնդումները։