Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել իր հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, այսօր հայտարարել է Կրեմլը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան այցերից հետո։
«Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, որոնք ընդգրկում են բոլոր հնարավոր ոլորտները։ Դրանք ներառում են փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն, փոխադարձ ներդրումներ, մշակութային հարաբերություններ և այլն», - ասել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով. - «Մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ հարաբերությունները հետագայում զարգացնել, որպեսզի դրանք օգտակար լինեն ոչ միայն մեզ, այլև նրանց համար»։
Անդրադառնալով միջուկային ոլորտում Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք կարող են ճանապարհ հարթել ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան կառուցելու համար, Պուտինի խոսնակը կրկնել է՝ Ռուսաստանը շահեկան դիրք ունի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մրցույթում։
«Որպես այս ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիր՝ Ռուսաստանը կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին։ Ռուսաստանը կարող է ապահովել ավելի լավ որակ առաջիկա տարիների ընթացքում՝ ավելի ցածր գնով», - պնդել է Պեսկովը:
Երևանը դեռ պաշտոնապես չի հայտարարել՝ որ երկրին է նախապատվություն տալու Մեծամորի ատոմակայանի փոխարեն նոր կայանի նախագծման ու կառուցման հարցում։