Մատչելիության հղումներ

Մոսկվան կդադարեցնի գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման համաձայնագիրը, «եթե Երևանի անդամակցությունը ԵՄ-ին շարունակվի»

Լրացված
ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլև, արխիվ
ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլև, արխիվ

Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և հում ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը շարունակվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։

Մարիա Զախարովան հաստատել է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ռուսական կողմը դեսպանատան միջոցով Երևանին է փոխանցել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որում տեղեկացվում է, որ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը կդադարեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի Ռուսաստանի ու Հայաստանի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը՝ բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության մասին։

Հայաստանի արտգործնախարարությունը ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի», - ասել է Բադալյանը:


XS
SM
MD
LG