Մատչելիության հղումներ

Մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». ո՞վ էր կանգնած մեկանգամյա «մարդասիրական» ակտի ետևում

Կալանավորված Արեգնազ Մանուկյանին բերում են Քննչական կոմիտե, Երևան, 18-ը օգոստոսի, 2026թ.
Կալանավորված Արեգնազ Մանուկյանին բերում են Քննչական կոմիտե, Երևան, 18-ը օգոստոսի, 2026թ.

40 օր տևած բաժանումից հետո, երեկ՝ իր ծննդյան օրը 14- ամյա Արփին վերջապես հանդիպեց մորը՝ կալանավայրում: Աբովյանի բանտում աղջիկը մոր հետ շուրջ երկու ժամ է անցկացրել:

Կալանավորված Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ մորը տեսնելով՝ աղջիկը լաց է եղել:

«Անակնկալ է եղել և՛ տիկին Մանուկյանի համար, և՛ երեխային համար: Բնականաբար շատ հուզումնառատ է անցել», - նշեց Սողոյանը:

Դատավոր Մանվել Շահվերդյանը հուլիսի 9 -ին ընդդիմադիր գործչին կալանավորելու որոշմամբ 46-ամյա կնոջը նաև արգելել էր շփվել անչափահաս դստեր հետ: Այս արգելքը երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ էր առաջացրել, նրա հետ մինչև օրս մասնագետ է աշխատում:

Ինչո՞ւ տևական ժամանակ մոր հետ շփումից զրկված երեխային, այնուամենայնիվ, իր ծննդյան օրը թույլ տրվեց մուտք գործել կալանավայր:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է Արեգնազ Մանուկյանի երեխայի շուրջ ծավալվող իրադարձություններից, ինչպես ինքն ասաց՝ մամուլից է իմացել:

Չթաքցրեց՝ հանրային հնչեղություն ստացած այս գործի վերաբերյալ անգամ դիրքորոշում է հայտնել, ըստ էության՝ «չափազանություն» որակելով Մանուկյանի դեմ կիրառվող շփման արգելքը:

«Առիթ է եղել՝ ես դիրքորոշում եմ արտահայտել», - հայտարարեց վարչապետը լրագրողի հարցին ի պատասխան, - «Մեր գործընկերներին էդ ուղերձը տվել եմ, որ կարծում եմ, որ չափազանցությունների մեջ պետք չի ընկնել: Էնպես որ, ձեր հարցի տրամաբանությունը կիսում եմ»:

«Դա հաշվեհարդար է, ուղղակի, խոշտանգման մասին էիք խոսում, բա խոշտանգումը պարտադիր է եղունգները քաշե՞ն, էդ էլ է խոշտանգում». - եթե այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կալանավորված ծնողին երեխայի հետ շփումից զրկելը «չափազանություն» է համարում, ապա 2017-ին տակավին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այն խոշտանգում էր որակում՝ բերելով այն ժամանակ կալանավորված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի որդու օրինակը:

«Օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան փորձում է նրան ատոմային ռո՞ւմբ փոխանցել. կհասկանայինք, կասեինք՝ այ ժողովուրդ ջան, դե անընդհատ, իրանց մանկահասակ էրեխեքը բերում են զենք-զինամթերք են տալիս իրանց տեսակցության ժամանակ, էս էլ փաստը, ընդհատել են: Բայց մարդկանց իրանց մանկահասակ երեխաների հետ տեսակցելուց, կամ ընտանիքի անդամների հետ տեսակցելուց ուղղակի արգելք դնելը՝ դա հաշվեհարդար է, ուղղակի, բա անձնական հաշվեհարդարը պոզով-պոչով սենց մեծ կենդանի է՞», - 9 տարի առաջ հայտարարում էր Փաշինյանը:

Ի դեպ, հենց լրագրողներն այսօր վարչապետին հիշեցրեցին ոչ վաղ անցյալում արած իր այս հայտարարությունը: Այն, թե ինչպես էր Փաշինյանը նախկիններին, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «բլոտի» կանոններով անխնա քննադատում անմարդկային որոշումներով ընդդիմադիրներին հոգեբանական խոշտանգումների ենթարկելու համար: «Եվ այսպես, ելույթը վերնագրված է՝ «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ», - հայտարարում էր ընդդիմադիր Փաշինյանը:

Լրագրողները հարցրեցին՝ ինչո՞ւ վարչապետը նույն բլոտի լեզվով այսօր բացատրություն չի պահանջում իր իշխանության օրոք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից. - «Ինչո՞ւ դուք մի անգամ ձեր գլխավոր դատախազին քուանշ չարեցիք, ասենք՝ «քուանշ, տիկին գլխավոր դատախազ, էս ի՞նչ եք անում, էս խի՞ եք խոշտանգում իմ երկրի քաղաքացիներին», ինքն էլ թող մի հատ սրեր, եթե հնարավոր էր»:

Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը վստահ է՝ այս գործի շուրջ բարձրացված աղմուկից հետո իշխանությունը պարզապես քաղաքական որոշում է կայացրել՝ թույլատրելով անչափահաս երեխային գոնե իր ծննդյան օրը կալանավայրում տեսակցել մորը:

Սողոյանի խոսքով՝ այն, որ քաղաքական որոշում է կայացվել և ոչ թե իրավական, այսօր ճեպազրույցում վերահաստեց անձամբ վարչապետ Փաշինյանը:

«Առաջին պահից էր պարզ, որ քաղաքական որոշում էր», - ընդգծեց փաստաբանը, - «Նախ՝ արդեն կաշկանդված էլ չի զգում երկրի գործադրի ղեկավարը՝ ասելու, որ այո, ինքն է մեսիջները փոխանցում՝ «ստեղ ոնց որ մի քիչ շատ եք անում, ստեղ մի քիչ քիչ եք անում, և այլն, էդ չափը անցնում եք»: Բայց երկրորդ հետևությունը ինձ համար՝ որպես իրավաբանի, շատ ավելի ծանր է՝ էն հանգամանքը, որ իրավապահ համակարգի ծառայողները, ուսադիր կրող մարդիկ կամավորագրվում են մարդկանց խոշտանգելու գործին, որպեսզի հաճոյանան քաղաքական իշխանությանը»:

«Ճի՞շտ եմ հասկանում, որ քննիչին քաղաքական հրահանգը իջեցվել է, որ «աղմուկ կա, թույլ տուր, որ երեխայի հետ տեսակցի՞ այսօր», - այս հարցին Սողոյանն արձագանքեց. - «Այո, այո, էդպես է, ուրիշ բան չի եղել: Այսինքն, նայեք՝ դատարանի որոշումից հետո երբ որ մենք տարբեր իրավաչափության պայմաններ ենք վիճարկում, Դատախազությունը, քննիչները ասում են՝ «դե մենք ո՞նց փոխենք, ախր դատարանն է որոշել», ու ոչինչ չեն անում, քաղաքական հրահանգը եկավ, վերադասը ասեց՝ «չէ, ոնց որ էս անգամ մի քիչ պահանջվածից շատ եք խիստ գտնվել», ու մեկ էլ որոշեցին իրենց նախաձեռնությամբ ինչ-որ պայմանի փոփոխություն՝ լավություն անել, ծննդյան նվեր անել... »:

Ի դեպ, ըստ փաստաբանի, երեկվա այցը որակվել է իբրև ծննդյան նվեր՝ մեկանգամյա հնարավորությամբ: Սողոյանը չի հասկանում՝ եթե երեխան կարող է խնդիրներ առաջացնել վարույթի համար, ապա նույնը կարող էր անել իր ծննդյան օրը:

«Քրեակատարողական հիմնարկում մեկնաբանել էին, որ դա մեկանգամյա ակտ է, այսինքն՝ ոչ թե առհասարակ է բացվում երեխայի տեսակցությունը, այլ ընդամենը ծննդյան օրվա նվեր է», - ընդգծեց փաստաբանը:

Ի դեպ, վարչապետ Փաշինյանի կողմից գործընկերներին տրված ուղերձից հետո, թե «չափազանցությունների մեջ պետք չի ընկնել», այսօր օրվա ավարտին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքը: Սա նշանակում է, որ Մանուկյանն այսուհետ կկարողանա տեսակցել դստերը: Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար մեղադրվող նախկին պատգամավորը, սակայն, կշարունակի մնալ կալանքի տակ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG