Մայր Աթոռը հայտարարում է, խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ դրույթների ընդգրկումը՝ դրանք որակելով մերժելի։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում TRIPP նախագծի, ակադեմիական քաղաքի, մետրոյի Աջափնյակ կայարանի ու Բիոգազի արտադրության խոստումների կողքին կարդում ենք. «Հայ Առաքելական Եկեղեցու փաստացի պետի հեռացում»: ՔՊ-ն խոստանում է՝ մինչև 2031 թվականը Հայաստանը կունենա նոր կաթողիկոս:
Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը, ըստ հայտարարության, սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։
«Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը», - հայտարարում է Մայր Աթոռը՝ ընդգծելով՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան»։
«Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից»։
Մայր Աթոռը հայտարարում է, որ «որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի»։ «Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»։