Մատչելիության հղումներ

«Արցախյան պատերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը». Գարեգին Բ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ հղած իր ուղերձում ընդգծել՝ Արցախյան պատերազմից տարիներ անց «տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն»։

«Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում Եկեղեցու նկատմամբ», - նշել է Գարեգին Բ-ն։

«Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու՝ աշխարհը, և իրականացվելու՝ համընդհանուր խաղաղության ու անվտանգության արդար հույսերը»։

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է՝ եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր. «Եկեղեցին Աստծո տունն է, հավատացյալների հավաքականությունը, իր փրկարար առաքելությամբ խաղաղության, եղբայրսիրության ջատագովն ու ավետարանողը, Քրիստոսի հրաշափառ Հարության անլռելի քարոզիչը»։

«Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, Եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով։ Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում և կերտել մեր ժողովրդի հարատևության անխորտակելի հեռանկարները», - նշել է կաթողիկոսը։

«Արդ, սիրելիներ, Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը», - ընդգծել է Գարեգին Բ-ն:

Ամենայն Հայոց կաթողիկոսը հորդորել է աղոթել «պատերազմի արհավիրքներից տառապող մեր եղբայրների ու քույրերի, ապօրինաբար ազատազրկվածների, անհայտ կորածների ու նրանց ընտանիքների համար»։

«Հոգենորոգ այս օրը միասնաբար աղոթք բարձրացնենք առ հարուցյալ Աստվածորդին, որ Իր անբավ ողորմությամբ պարգևի խաղաղություն ու ապահովություն համայն աշխարհին և հայրենի մեր երկրին։ Հայցենք, որ երկնային կենարար շնորհներով զորանա աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, ապրի հավատով ներշաղախ կյանքով, դժվարությունները հաղթահարելու խիզախ ու անկոտրում ոգով։ Աղոթենք, որ համազգային մեր անդաստանում հաստատուն լինեն ճշմարտասիրությունը, արդարամտությունն ու միաբանությունը, որպեսզի բարի արգասիքներով, ազգաշահ ու հայրենօգուտ նորանոր ձեռքբերումներով կերտենք ապագայատեսիլ մեր ժողովրդի իղձերն ու ձգտումները՝ ի փառս Աստծո և ի հավետ պայծառություն ազգի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»։



Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG