Մատչելիության հղումներ

Դատարանը եկեղեցուն պարտավորեցրեց ապահովել կարգալույծ հռչակված երկու քահանաների պաշտոնավարումը

Հովհաննավանք, արխիվ
Հովհաննավանք, արխիվ

Մայր Աթոռին դատի տված երկու նախկին քահանաներ, որ կարգալույծ էին հռչակվել Վեհափառի տնօրինությամբ, կարող են վերադառնալ քահանայական գործին ու այն եկեղեցիները, որտեղ հովվություն էին անում: Արմավիրի մարզի երկու դատավորներ նույն որոշումն են կայացրել՝ հայցի ապահովման միջոց են կիրառել, մինչև վերջնական դատական ակտ լինի: Եկեղեցուն պարտավորեցնում են ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Ստեփան Ասատրյանի՝ նախկին Տեր Արամ քահանայի պաշտոնավարումը որպես Հովհաննավանքի հոգևոր հովիվ, իսկ Արամայիս Թախմազյանին՝ Տեր Թադե քահանային՝ Թալինի հոգևոր հովվի պաշտոնում: Կարգալույծ հռչակված երկու քահանաները խորաններից չէին էլ հեռացել, ինչպես Փաշինյանն ու թիմակիցներն էին հայտարարում՝ Գարեգին Երկրորդի որոշումը ոչինչ չի նշանակում:

Նախորդ կիրակի Նիկոլ Փաշինյանը հենց Հովհաննավանքում էր, որտեղ պատարագում էր դեռ հոկտեմբերին կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը:

Որ դատարաններն արդեն ստանձնում են կրոնական, դավանաբանական վեճեր լուծողի դեր, սկզբում փաստաբաններին զարմացնում էր, հիմա՝ ոչ:

«Ամեն անգամ մենք հո չե՞նք զարմանալու, էլի, հիմա ունենք էն, ինչ ունենք. դատարաններն էլ են կատարում, ուրեմն, հանրապետության վարչապետի կողմից նախաձեռնված էս անհասկանալի հակաեկեղեցական արշավի որոշակի գործառույթներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Հայցի ապահովման միջոց կիրառելը փաստաբան Հարությունյանը խնդրահարույց է համարում. - «Եթե դու պահանջում ես՝ «ինձ վերականգնի աշխատանքի», հայցիդ ապահովման միջոցը չի կարա լինի հիմա վերականգնի աշխատանքի. չի կարող համընկնել հայցի ապահովման միջոցը հայցադիմումով պահանջվողի հետ»:

Իրեն կարգալույծ հռչակելու հարցը դատարան հասցրած Արամայիս Թախմազյանը՝ Տեր Թադե քահանան, ոչ մի արտառոց բան չի տեսնում. այո, դատարանը կարող է պարզել՝ ինքն իրավունք ունե՞ր պատարագի տեքստից Վեհափառի անունը զեղչել, թե՞ ոչ, ընդհանրապես քահանայական կարգից իրեն զրկելը որքանո՞վ էր իրավաչափ:

«Բա ո՞վ քննի, լավ, ո՞վ, լավ, ես ո՞ւմ դիմեմ: Ասեք մի մարմին, որին ես դիմեմ և ակնկալեմ արդարադատություն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նա:

Ըստ դարերով եկած ավանդույթի՝ հենց եկեղեցական մարմիններն են քննում այս հարցերը, աշխարհիկ դատարաններում երբևէ քահանայական օծման հարցեր չեն քննարկվել:

«Չի՛ աշխատում, մոռացե՛ք, չի՛ աշխատում, էդ մարդու կամքն են կատարում, չի՛ աշխատում: Էս եկեղեցին սարքել են չգիտեմ ինչ, դուքյան են սարքել, Ներսիսյան աստվածաբանություն են հորինում: Հասկանո՞ւմ եք իրենց աբսուրդը, ինչ հիմարություն են գրել՝ հերձվածողի եմ հարում, չգիտեմ ինչի եմ հարում: Այսինքն, հասկանո՞ւմ եք, էն որ ուզում ա վիրավորած լինի, ուզում ա ցավեցրած լինի, սենց ինչ ասես փորձում են տեղավորել: Վարկաբեկել ա եկեղեցին: Հայտնի դասական խոսք կա, ասում ա՝ իյա, իրո՞ք», - ասաց Թախմազյանը:

Իրավաբան Վարազդատ Հարությունյանն ասում է ՝ կարգալուծության հարցը դատարանում քննելը նույնն է, թե մեկը դատարանից պահանջի, օրինակ, իրեն եպիսկոպոս օծել:

«Ինչքա՞ն կարելի ա անլրջացնել էն ավանդույթներն ու տրամաբանությունը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության հիմքում ա դրված», - նշեց փաստաբանը:

Քահանայական օծում ու ձեռնադրում հոգևորականները ստանում են Մայր Աթոռում՝ եկեղեցական հատուկ կարգով, պետական որևէ կնիք, փաստաթուղթ, աշխատանքային պայմանագիր քահանաների համար գոյություն չունի, քահանայական կարգից էլ զրկվում են Կարգապահական հանձնախմբի քննարկումից հետո՝ Վեհափառի տնօրինությամբ: Դատաքննությունը զավեշտի կվերածվի, Վարազդատ Հարությունյանի կարծիքով:

«Իրավական ֆանտազիան հասցնի նրան, որ, օրինակ, աստվածաբան փորձագետ բերեն դատարան հարցաքննեն», - ասաց փաստաբանը:

«Մեր արդարադատությունը էս պահին ունի անկախություն և ժողովրդի մեջ վստահություն», - պնդեց Արամայիս Թախմազյանը:

Նախկին Տեր Թադե քահանան պնդում է՝ որևէ հոգևոր ու դավանաբանական հարց չկա իրեն կարգալույծ անելու վճռի հիմքում, միայն կամայականություն է: Շուրջ 100 հոգևորական կարգից զրկվել ու տուն է գնացել, ինքը մտադիր չէ. - «Ես համաձայն չեմ եղել, որովհետև ես իմ արարքների մեջ որևէ հակաեկեղեցական ընթացք չեմ ունեցել: Ինձ դատել են մեկ բանի համար եկեղեցում՝ դատողություն ունենալու համար, որ ես դատողություն եմ արել»:

Արմավիրի դատարանի այս նոր որոշումներին Մայր Աթոռից դեռ չեն արձագանքել, մտադի՞ր է Վեհափառը նախկին քահանաներին վերադարձնել իրենց քահանայական կարգին, հայտնի չէ: Հայտնի է այն, որ մեկ այլ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործով Ամենայն Հայոց կաթողիկոսը մեղադրյալ է՝ վեց եպիսկոպոսների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


XS
SM
MD
LG