Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ատլանտա՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը, կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջորջիա նահանգի մայրաքաղաքի օդանավակայանում:
«Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպումը կունենա հոկտեմբերի 30-31-ը: Այն կնախագահի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Associated Press-ը նշում է, որ աշխարհի 20 խոշորագույն երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի բարձրաստիճան դիվանագետները, հանդիպում են միջազգային անվտանգությանն ու առևտրին սպառնացող բազմաթիվ պատերազմների և համաշխարհային ճգնաժամերի շուրջ այլ տարակարծությունների ֆոնին։
«Թվում է, թե քիչ հավանական է, որ խումբը համաձայնության կգա ամենավիճահարույց հարցերի շուրջ։ Դրանց թվում են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի դեմ, ԱՄՆ մաքսատուրքերը և Չինաստանի գործողությունները Հարավչինական ծովում։ Բոլորն էլ նպաստել են վառելիքի համաշխարհային գների կտրուկ աճին, ինչպես նաև առևտրի վերաբերյալ անորոշությանը»,- գրում է գործակալությունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը կարևորագույն իրադարձություն կլինի դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախապատրաստման գործում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ դեռևս որոշում չի կայացվել, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ կմասնակցի Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անպայման կցանկանար տեսնել Պուտինին գագաթնաժողովում:
«Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովը տեղի կունենա Մայամիի մոտակայքում գտնվող Դորալ քաղաքում: