Մատչելիության հղումներ

Մարթա Կոս. ԵՄ-ի հետ Հարավային Կովկասում փոխկապակցվածության զարգացման գործընթացը նոր փուլում է

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Գյումրիում, Շիրակի պետական ​​համալսարանում, 20 մարտի, 2026թ.
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Գյումրիում, Շիրակի պետական ​​համալսարանում, 20 մարտի, 2026թ.

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ում գրառմամբ անդրադարձել է Եվրոպական միության կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նպատակով Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցություններին։

«Ես հենց նոր վերադարձել եմ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մեր աշխատանքը՝ փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ, տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ երթուղիները։

Փոխկապակցվածության ընդլայնումն ու զարգացումը փոխլրացնում են միմյանց։ Երկուսն էլ նպաստում են Եվրոպայի կայունության, բարգավաճման և անվտանգության ամրապնդմանը»,- ընդգծել է Կոսը։

Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել էր, որ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել, որը հնարավորություն կտա Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսն առանց մաքսատուրքերի եվրոպական շուկաներ հասցնել:

«Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում, և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն մարդկանց համար», - նշել էր ֆոն դեր Լայենը:

Նա նաև վստահեցրել էր, որ Հայաստանը կարող է Եվրամիության վրա հույս դնել, հատուկ ընդգծելով նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի կարևորությունը:

«Երբ Հայաստանը մոտենում է Եվրոպական միությանը, ամբողջ Կովկասն է մոտենում, անցած տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր», - նշել էր Եվրահանձնաժողովի նախագահը:


XS
SM
MD
LG