Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր ստորագրեցին:
«Եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր ու փաստաթուղթ ունենալու էսքան ենք արել, պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում», - ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց. «Վերջին տարիներին ցանկացել ենք արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունը ամրապնդել: Կարելի է ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հիմնասյունն է»:
Հայաստանի վարչապետը նշեց՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ընդգծում է առկա իրավիճակն ու այդ առկա իրավիճակն ավելի արդյունավետ օգտագործելու և առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ է ստեղծում:
«Բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված ու գործընկերություններ հաստատելու համար առկա են բոլոր պայմանները և կառավարությունների դերն է ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր ու պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել», - ասաց Փաշինյանը:
Երկու պետությունների ղեկավարների ներկայությամբ ստորագրվեցին մի շարք այլ փաստաթղթեր ևս, այդ թվում՝ Ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, Արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը: