Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն ու Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդում են դադարեցնել «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդումը

Մինչ իրավապահները ընդլայնում են «Մարտի 1»-ի գործով մեղադրյալների ցանկը, ընդգրկելով բարձրաստիճան նախկին այլ պաշտոնյաների, արդեն ընթացող դատավարության մասնակիցները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է այսօրվա նիստում նման միջնորդություն ներկայացրել: Օհանյանը, որ արյունալի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, պնդել է, թե ապօրինի որևէ բան չի արել:

«Ես գտնում եմ, որ այսօր ես մեղադրյալ չեմ, ես դա չեմ ընդունում, զինված ուժերը և նրա կազմում Գլխավոր շտաբի պետը, որպես առաջին տեղակալ, գործել են օրենքների համաձայն և գործել են բացառապես այն նպատակով, որպեսզի կարողանան Հանրապետության մայրաքաղաքում պաշտպանել այն կարևոր օբյեկտները, որոնք ազդեցության տակ էին գտնվում ոչ խաղաղ ցուցարարների կողմից։ Դրա համար ես միանում եմ և գտնում եմ, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի», - նշեց Օհանյանը:

10 մարդու կյանք խլած գիշերը Սեյրան Օհանյանը հեռուստաուղերձով դիմել էր ժողովրդին՝ սպառնալով բանակի միջամտությամբ. «Ցանկացած փորձ՝ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք ու խիստ հակազդեցության»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նույնպես միջնորդում է դադարեցնել քրեական հետապնդումը, հիմնավորումները նա արդեն հաջորդ նիստին կներկայացնի: Քոչարյանն ու նրա բարձրաստիճան երեք ենթակաները «Մարտի 1»-ի գործով չորս տարի առաջ արդարացվեցին, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել այն հոդվածը, որով նրանց մեղադրանք էր առաջադրվել: Սակայն անց տարի գործը վերաբացվեց՝ իշխանական լիազորություններն անցնելու, ազդեցությունը չարաշահելու հոդվածով:

Այսօր ավելի վաղ դատարանը մերժել էր մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը, թե նա նախկին գործում էլ է ներգրավված եղել որպես քննչական խմբի անդամ ու չի կարող անաչառ լինել. «Դատարան չի ներկայացվել այնպիսի տեղեկություններ, որ որպես մեղադրող անձ կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ»։

Դատավորի այդ հայտարարությունը հարուցեց Ռոբերտ Քոչարյանի դժգոհությունը. «Ես հիմա նստած պետք է նայեմ մի մարդու հայտարարություններին, որ ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին: Փաստաբանները բոլոր նիստերի ժամանակ ասում էին՝ սա հակասում է Սահմանադրությանը։ Քննչական խմբի ղեկավարը և մասնակից դատախազները իրենց ճղում էին, որ չէ, հիմա դատախազը մասնակից է եղել այդ քննչական խմբին։ Հիմա իմ հարցը՝ ինքը այս ամենի հետ կապ ունի՞, թե՞ չունի»:

Այս գործով մեղադրյալի աթոռին են նաև գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն ու անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը:

Անցած շաբաթ քննչական կոմիտեն Մարտի 1-ի գործով մեղադրանքներ առաջադրեց 2008-ին ոստիկանությունում բարձր պաշտոններ զբաղեցրած Հովհաննես Թամամյանին, Ռոբերտ Մելքոնյանին և Վալերի Օսիպյանին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտիմեկյան իրադարձություններից 17 տարի անց հրապարակած վճռով արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։ Վաղը չէ մյուս օրը լրացող «Մարտի 1»-ի 18-րդ տարելիցին դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել սպանությունների համար՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից երեք ամիս անց հայտարարել էր, թե գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է:




XS
SM
MD
LG