Տասնամյակներ շարունակ արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Բելառուսի նախագահը կարող է այցելել Սպիտակ տուն: Վաշինգտոնն ու Մինսկը քննարկում են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր այցը, այսօր հաղորդել է Բելառուսի պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ բանագնաց Ջոն Քոուլին։
Բելառուսական պետական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Լուկաշենկոն Մինսկում ողջունում և գրկում ամերիկացի դիվանագետին։
«Մենք քննարկում ենք մեր երկկողմ հարաբերությունները՝ սկսած դեսպանատների բնականոն գործունեության վերսկսումից մինչև այսպես կոչված՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը», - հանդիպումից առաջ հայտարարել է Լուկաշենկոն։
Նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարի պաշտոնը ստանձնելուց ի վեր մեղմել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները՝ Մինսկին հրավիրելով իր նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդ»։ Բելառուսն ի պատասխան ազատ է արձակել տասնյակ քաղբանտարկյալների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկուն և այլախոհ ակտիվիստ Միկոլա Ստատկևիչին։
«Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով՝ Բելառուսում այս պահին ավելի քան 1100 քաղբանտարկյալ կա, որոնցից շատերը ձերբակալվել են 2020 թվականի վիճահարույց ընտրություններից հետո սկսված լայնածավալ ցույցերի ժամանակ։