Ձմռան շեմին Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար: Այդ մասին ասված է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հրապարակած հայտարարությունում:
Փաթեթի շրջանակում Լոնդոնը կմատակարարի, մասնավորապես, հակաօդային պաշտպանության հրթիռներ, խոշոր տրամաչափի հրետանային արկեր և անօդաչու թռչող սարքեր: Հատուկ ընդգծվում է, որ փաթեթում կլինեն հրթիռներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար, որոնց մատակարարումների խնդրանքով վերջին շրջանում բազմիցս դիմել է Կիևը: Զենքը կտրամադրվի PURL մեխանիզմի շրջանակում, այսինքն՝ Ուկրաինայի դաշնակիցների կողմից ձեռք է բերվել ԱՄՆ-ում: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի համար զինամթերքը պետք է առաքվի մինչև ձմեռ:
«Թե՛ վարչապետը, թե՛ ես Կիև մեր առաջին այցերի ժամանակ հստակ գիտակցեցինք, թե որքան կարևոր է աջակցել Ուկրաինային այս ձմռանը, քանի որ Պուտինը պատրաստվում է ձմեռն օգտագործել իբրև զենք՝ շարունակելով բարբարոսական հարձակումները քաղաքացիական և էներգետիկայի օբյեկտների վրա», - ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի հայտարարությունում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ձգտելու է «կոտրել» Ուկրաինային՝ ուժեղացնելով հարվածները նրա ենթակառուցվածքներին հենց ձմռանը: Կիևը դաշնակիցներին կոչ է անում հնարավորինս շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել իրեն, հատկապես՝ բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու կարողությամբ: