Մատչելիության հղումներ

Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել արագացնել Patriot համակարգերի հրթիռների մատակարարումը

Լրացված

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ռուսաստանի հերթական զանգվածային հարվածներից հետո, արևմտյան դաշնակիցներին կոչ է արել արագացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների և այլ սպառազինության մատակարարումը։

Նրա խոսքով՝ միայն անցած շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է շուրջ 1900 անօդաչու թռչող սարք, 1600 կառավարվող ավիառումբ և 144 հրթիռ։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մեծացնել բալիստիկ հրթիռների արտադրությունը, մինչդեռ այդ արտադրությամբ զբաղվող մի շարք ռուսական ընկերություններ դեռևս չեն հայտնվել միջազգային պատժամիջոցների ցանկում։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ աշխարհում Patriot համակարգերի հրթիռներ կան, և այժմ անհրաժեշտ է, որ գործընկերները քաղաքական որոշում կայացնեն դրանք Ուկրաինային տրամադրելու վերաբերյալ։

Օգոստոսի 1-ին Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել էր Կիևին։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ զոհվել էր առնվազն ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Զելենսկիի խոսքով՝ բոլոր հրթիռները չի հաջողվել խոցել Patriot համակարգերի հրթիռների պակասի պատճառով։

Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է «շատ զգույշ լինի» Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում։

«Այս զենքերն անհավանական են։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, երբ որևէ մեկին թույլ ենք տալիս դրանք արտադրել», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կթույլատրի Ուկրաինային արտադրել այդ հրթիռները։

XS
SM
MD
LG