ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա Իսրայելի հարձակումը «չպետք է տեղի ունենար՝ հատկապես այս հատուկ օրը, երբ այսքան մոտ ենք Իրանի հետ խաղաղության համաձայնագրին»։
Թրամփն այս հայտարարությունն արել է Բեյրութի հարվային Դահիյե արվարձանում «Հեզբոլա» խմբավորման թիրախների դեմ Իսրայելի նոր հարձակումից հետո։
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն սպառնալիքների դեմ, սակայն այն հարձակումը, որին նա պատասխան էր տալիս, շատ փոքր և անէական էր․ որևէ մեկը չէր տուժել, վիրավորվել կամ սպանվել, և սա չպետք է խաթարի այս կարևոր գործընթացը», - սոցցանցի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ վերահաստատելով, որ մոտալուտ համաձայնագիրը խաղաղություն կպարգևի ողջ տարածաշրջանին, ներառյալ՝ Լիբանանին։
Նախագահ Թրամփը շեշտել է, որ Իսրայելն այլևս պետք է չհարձակվի Լիբանանի վրա, «բայց մյուս կողմերն էլ, այդ թվում՝ «Հեզբոլա»-ն, չպետք է հարձակվի Իսրայելի վրա»։
Fox News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ դիմելու է Իրանին, որպեսզի նա հակահարված չհասցնի Իսրայելին։
Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այսօր՝ հունիսի 14-ին: Թեհրանից էլ ավելի վաղ կասկածի տակ էին դրել, որ հունիսի 14-ին կստորագրվի համաձայնագիրը, իսկ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել էր, որ հուշագրի ստորագրման ճշգրիտ ժամկետը «կիրակի օրը չի լինի։
Միացյալ Նահանգների հետ Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ իր հերթին ԱՄՆ-ին է քննադատել է Իսրայելի հարձակման համար։
«Իսրայելի ներխուժումը Դահիյե ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ամերիկան կա՛մ չունի կամք իր պարտավորությունները կատարելու, կա՛մ ունակությունն է պակասում: Ռեժիմին կանաչ լույս ցույց տալով՝ զիջումներ ստանալ չեք կարող,- X-ում գրել է Ղալիբաֆը՝ շարունակելով․ - Վատ և լավ ոստիկանի խաղն արդեն հնացել է։ Եթե չունեք ձեր պարտավորությունները կատարելու կամք և ունակություն, ապա այս ուղին շարունակելու մասին խոսելը հնարավոր չէ»։
Թեև և՛ Վաշինգտոնը, և՛ Թեհրանը հայտարարում են համաձայանագիր ստորագրելուն մոտ լինելու մասին, մտավախություններ կան, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված, իրանական աջակցություն վայելող լիբանանյան «Հեզբոլա»-ի և Իսրայելի փոխադարձ հարվածները կարող են հետաձգել ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։