Մատչելիության հղումներ

Լիբանանի կառավարությունն արգելեց «Հեզբոլա»-ի ռազմական գործունեությունը

Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամ, արխիվ
Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամ, արխիվ

Լիբանանի կառավարությունը հայտարարել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» շարժման ռազմական և անվտանգային գործունեության արգելքի մասին: Այս աննախադեպ որոշումը հրապարակել է վարչապետ Նաուաֆ Սալամը՝ այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլա»-ի հրթիռային գրոհներին ի պատասխան։

«Հեզբոլա»-ն վաղ առավոտյան հրթիռներ և անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ վրեժ լուծելու ԱՄՆ և Իսրայելի համատեղ հարվածների արդյունքում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության համար։

Ի պատասխան՝ Իսրայելը ռմբակոծեց Բեյրութի հարավային արվարձանները և հարավային Լիբանանի տասնյակ բնակավայրեր՝ խոստանալով, որ խմբավորումը «ծանր գին» կվճարի։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է առնվազն 31 մարդ, վիրավորվել՝ առնվազն 149-ը։

Կառավարության արտակարգ նիստից հետո Սալամը հայտարարել է․ -
«Լիբանանի պետությունը բացարձակ և միանշանակ մերժում է Լիբանանի տարածքից իրականացվող ցանկացած ռազմական կամ անվտանգային գործողություն, որը չի իրականացվում օրինական պետական կառույցների շրջանակում»։

Արդարադատության նախարար Ադել Նասարը ևս հայտարարել է, որ իրավապահներին հանձնարարել են ձերբակալել հրթիռների արձակման մեջ ներգրավված անձանց և կազմակերպիչներին։

Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ չեն ցանկանում ներքաշվել տարածաշրջանային պատերազմում, որը սկսվել է Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի հարվածներից հետո։

Սալամը նաև կոչ է արել հրադադարի երաշխավորներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, ստիպել Իսրայելին դադարեցնել հարվածները Լիբանանի ամբողջ տարածքում, և հայտնել է, որ կառավարությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ միջազգային հովանու ներքո։


XS
SM
MD
LG