Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ դաշնակից լիբանանյան «Հեզբոլա» խմբավորման առաջնորդը հարձակման «թիրախ» է։
Իսրայել Կացը X սոցիալական հարթակում գրել է, թե «Հեզբոլա»-ի ղեկավար Նաիմ Քասեմը Իրանի հրահանգով հարձակվել է Իսրայելի վրա, և զգուշացրել՝ խմբավորումն իր գործողությունների համար «ծանր գին կվճարի»։
Քասեմը փոխարինել է Հասան Նասրալային, ով սպանվել է Իսրայելի կողմից 2024 թվականի սեպտեմբերին Լիբանանում իրականացված հարձակման ժամանակ։
Իսրայելական բանակի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում «Հեզբոլա»-ն մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից մեկը խոցվել է, իսկ մյուսներն ընկել են բաց տարածքներում։
Ի պատասխան Լիբանանից իրականացված գիշերային հարձակումների՝ Իսրայելը, ինչպես այսօր առավոտյան հայտարարել է պաշտոնական Թել Ավիվը, նոր հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի թիրախներին՝ ներառյալ զենքի պահեստները և այլ ենթակառուցվածքներ։