Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղվա նիստում կքննի «Լուսավոր Հայաստանի» դիմումը, որով ընդդիմադիր թեկնածուն պահանջում է անկախ դիտորդական առաքելության անդամ Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդության իրավունքից: Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը պնդում է, որ Իոաննիսյանն անաչառ չէ ու հակաքարոզչությամբ է զբաղված:
Իոաննիսյանն օրերս Մարուքյանին ներկայացրել էր որպես ռուսական գործակալ՝ հղում անելով ռուսալեզու Хроника Кавказа-ի հրապարակմանը: Չբացահայտելով իր աղբյուրները՝ այդ կայքը պնդել էր, թե հայաստանյան ընտրություններին մասնակցող մի շարք ուժեր, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանը», կապեր ունեն Մոսկվայի հետ:
Հայաստանյան «Ֆակտոր»-ն, իր հերթին, բացահայտել էր, որ Хроника Кавказа-ի փաստաթղթերը, որոնց հղում էր արել Իոաննիսյանը, ապացույցներ չունեն, հեղինակներն էլ իրական մարդիկ չեն:
«Քանի գնում պարզ է դառնում, որ մենք լինելու ենք խորհրդարանում, հիմա սկսել են այս հակաքարոզչությունը»,- ասում է «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Դանիել Իոաննիսյանը հրապարակավ կասկածներ էր հայտնել նաև «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու, մարդու իրավունքների նախկին պաշտպանի վերաբերյալ՝ այս անգամ էլ հղում անելով «Դոսյե» կայքի հրապարակմանը: Արման Թաթոյանն էլ իր հերթին է հերքում այս մեղադրանքները: Պնդում է՝ պատրաստ է հրապարակել կուսկացության նվիրատուների ցանկը, եթե իշխող ուժն էլ հրապարակի իր ցանկը:
«Մեր վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելուց հետո, տարածելուց առաջ որևէ մեկը մեր կարծիքը չի հարցրել, ճշտումներ չեն արել»,- ասում է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
Նախընտական քարոզչության երկու շաբաթների ընթացքում Թաթոյանը երկու ձայնագրություն է հապարակել՝ պնդելով, թե իշխող ուժը վարչական ռեսուրսով հարկադրում է մարդկանց մասնակցել իր հավաքներին: Թաթոյանը պնդում է՝ այս հրապարակումները պատշաճ արձագանք չեն ստանում ոչ միայն իրավապահների, այլև Իոաննիսյանի կողմից.
«Նրանց միակողմանիությունը ինչպես է դրսևորվում. երբ, օրինակ, մեր հայտարարածի հիման վրա են հանցագործության մասին հաղորդում ներկայացնում, ընդամենն ասում են՝ հանցագործության մասին հաղորդում, վերջ։ Բայց երբ, օրինակ, որևէ ինչ-որ ընդդիմադիրի կամ այլ հարցերով, օրինակ, մեր հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, գնահատականներ են տալիս, համակարգային բնորոշումներ են տալիս և այլն, և այլն, հասկանում ես, որ այստեղ չկա հավասար մոտեցում»,- ասում է Թաթոյանը:
Դանիել Իոաննիսյանը կապ է տեսել նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ու ռուսական ծառայությունների միջև՝ հղում անելով նույն ռուսալեզու Хроника Кавказа-ին, որի հոդվածը պնդել էր, թե Մարությանի թիմը սոցհարցում է պատվիրել՝ որ պարզի ընտրողների կարծիքը նախընտրական պաստառների վերաբերյալ: Կայքում հրապարակված էսքիզների վրա երևում է քվեաթերթիկում կուսակցության համարը՝ 5-ը, այն դեպքում, երբ այդ ժամանակ դեռ պարզ չէր, թե որ ուժը որ համարի տակ է հանդես գալու:
«Ռուսալեզու զրպարտագրի մեջ այսպիսի մի արտահայտություն էլ կար, որ PR ստրատեգիան են օգնել մշակել Հայկ Մարությանի, ինչը շատ ծիծաղելի ձևակերպում է, որովհետև տարօրինակ կլինի հավատալ այն գաղափարին, որ Հայկ Մարությանին ինչ-որ մեկը, այն էլ օտար երկրներից, հուշել է Կարգին հաղորդման ոճի մեջ ռիլեր պատրաստել»,- Երևանի նախկին քաղաքապետի առաջնորդած «Նոր ուժի» երկրորդ համար Հակոբ Կարապետյանը պատմեց, որ հանդիպել են Իոաննիսյանին, ներկայացրել իրականությունը: Դրանից հետո դիտորդը գրեց, որ սխալվել է: Մյուս կուսակցությունների դեպքում, պնդում է՝ որևէ խախտում թույլ չի տվել:
«Ակնհայտ երևում է, որ Ռուսաստանը որոշ ուժերին միլիոնավոր դոլարներ է տվել, դրանք այժմ «Անկախ դիտորդ»-ում ուսումնասիրում ենք, դրանց հետ կապված հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Իոաննիսյանը հակադարձում է քննադատներին՝ պարտադիր չէ, որ արտահոսքերը լինեն իրական կայքերից: Փաշինյանի առաջնորդած ՔՊ-ի վերաբերյալ ընդդիմադիրների ներկայացրած անհայտ ծագման աղբյուրների հետքերով էլ են գնում: ԿԸՀ-ն հինգ օր ժամանակ ունի որոշելու՝ կզրկի՞ Իոաննիսյանին դիտորդական իրավունքից, թե՝ ոչ: