Մատչելիության հղումներ

Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ

Դատախազը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Այս պահին հայտնի չէ, թե ինչ քրեական գործի հետ է կապված միջնորդությունը: «Ազատությունը» փորձում է մանրամասները ճշտել Դատախազությունից:

Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ միջնորդությունում ազատությունից զրկելու մասին խոսք չկա:

Օրերս «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել էին լքել երկիրը։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս չեն բացատրում՝ ի՞նչ հիմքով էր արգելվել երկրորդ նախագահի ելքը Հայաստանից: Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում կա միայն մեկ գործով՝ «Մարտի 1»-ով: Իսկ այդ գործով նա երկրից դուրս գալու արգելք չունի՝ «Ազատության» հետ զրույցում ասել էր նրա որդին՝ Լևոն Քոչարյանը:


XS
SM
MD
LG