Մատչելիության հղումներ

«Ասում էին՝ «դեմքին մի խփեք», գլխիս էին հարվածում». քրեական գործ ոստիկանների դեմ

43-ամյա Արթուր Սարգսյանը պատմում է անցած շաբաթ ոստիկանության բաժանմունքում գլխին եկածը:

«Բաժնում ինձ խփեցին, ասում էին՝ «դեմքին մի խփեք», դեմքս փակել էի, ու գլխիս են հարվածել, բաժնում չեմ տեսել՝ ովքեր են հարվածել, մեքենայի մեջ երեքով էին», - ներկայացրեց նա:

Լուկաշին գյուղի անմխիթար, կոյուղու հոտով հանրակացարանի երկու փոքրիկ սենյակներում չորս երեխա մեծացնող տղամարդը ցերեկը զանգ է ստացել ու իջել բակ՝ հասկանալու, թե ինչ հարցով է իրեն փնտրում ոստիկանը։ Պնդում է՝ հեռախոսը խլել են ձեռքից, իրեն էլ խցկել ավտոմեքենան ու ծեծելով հասցրել Արմավիրի ոստիկանության բաժին:

«Բա՝ «թափով սրան շուտ ձերբակալեք»: Չհասցրի հասկանալ՝ ինչ ա կատարվում՝ ձեռքս կոտրված ա, ծուռ ա, ոլորեցին ձեռքերս ու գետնին տապալելով՝ ոչ մի բան չասեցին», - ասաց Արթուր Սարգսյանը:

Թաղային ոստիկանի հետ դեռ երկու ամիս առաջ է գործ ունեցել, բողոքով կինն էր զանգել, բայց հարցին ընթացք տալու փոխարեն վիրավորանքներ էին ստացել: Պատճառն անսարք ավտոմեքենան էր․ գնել էին, որ մի քիչ թեթևացնեն օրվա հացը երկաթ հավաքելով, դաշտում աշխատելով վաստակող իրենց ընտանիքի հոգսը. հետո փոշմանել էին, բայց վաճառողը հրաժարվել էր հետ վերցնել մեքենան ու վերադարձնել գումարը։ Այս մասին էին փորձել պատմել թաղայինին, որի մերժումից հետո ամուսինները զանգահարել էին 1-02:

«Իրանք ինձ մտցրեցին մեքենա, էն մի հոգին հետևից մտավ, մյուսն էս կողմից, ֆռռացին ու սկսեցին, թաղայինը հարվածեց դեմքիս: Ասում էին՝ «գործ ես տալիս, հա՞, էս ա էթանք, կտենանք, պրոֆիլակտիվ աշխատանք ենք կատարում», հայհոյելով, բանով», - պատմեց նա:

Ոստիկանների դեմ Լուկաշինի բնակչի ահազանգից հետո Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել մի խումբ անձանց կողմից խոշտանգելու հոդվածով, բայց դեռ պարզ չէ, թե Արթուր Սարգսյանի մատնանշած երեք ոստիկանները մեղադրյա՞լ են, թե՞ ոչ: Նրանք, սակայն, դեռ պաշտոնավարում են:

Ներքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում իր ծառայողների դեմ ներկայացված մեղադրանքները, փոխանցեցին, որ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Մինչ Քննչական կոմիտեն հրաժարվում է այլ մանրամասներ հայտնել, 43-ամյա տղամարդը հիշում է՝ ոստիկանության բաժանմունքում մնացել է 9 ժամ, ասում է՝ այնտեղ ևս ծեծել են, հետո էլ փորձել ձերբակալությունը ձևակերպել փաստաթղթերով:

«Տարել են դեղձի համար, ես ասի՝ դե չգիտեմ, ասին՝ «արի սենց գրենք, որ մենք քեզ բերել ենք սրա համար, որ հարցնեն՝ գիտես, թե չգիտես, որ իմանաս, մեզ կասես», - պատմես Արթուր Սարգսյանը:

Հետո դեղձի՝ դեռ երկու տարի առաջվա գողության կասկածը մի կողմ են դրել ու վերջնական արձանագրել նորը՝ պատմում է Սարգսյանը: Փաստաթղթում էլ նշել են, թե իրեն բերման են ենթարկել երեկոյան 5-ից, ոչ թե ցերեկը՝ 1-ին. «Ասում եմ՝ այսի՞նքն ձերբակալում, թե՝ «դու մի վախի, ոչ մի բան չկա, զենք-զինամթերքի կասկածանքով ձերբակալում ենք արձանագրում, մենք իբր քեզ բերել ենք էդ կասկածանքով, ստեղ նայում, ստուգում ենք՝ չկա, բաց ենք թողնում»: Ինչ զենք, ինչ բան, իմը՝ շատ-շատ կլյուչ, կուպցի»:

Որպեսզի րոպե առաջ ազատվի այս մղավանջից, Սարգսյանը ստորագրել է արձանագրության տակ: Երեկոյան արդեն նրան տուն են հասցրել ցավերով, կինը շտապօգնություն է կանչել: Արմավիրի բժշկական կենտրոնի տեղեկանքի համաձայն՝ Արթուր Սարգսյանը ստացել է գլխի, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Չնայած բարեփոխումներին, հայաստանյան ոստիկանության գործելաոճը հաճախ է տեղ գտնում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցների զեկույցներում: Amnesty International-ն, օրինակ, առանձնացրել է անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության հաշվետվողականության պակասի մասին մտահոգությունները: Միջազգային մեկ այլ կառույց՝ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն մայիսին ողջունել է Հայաստանին խոշտանգումների հոդվածը կիրառելու համար, բայց մտահոգություն հայտնել ցածր պատժաչափերի, տուժողներին փոխհատուցում տալու սահմանափակ հնարավորությունների, նաև քննչական մարմինների անբավարար անկախության համար:

Ընտանիքի միակ կերակրող տղամարդն այս միջադեպից հետո չի կարողանում աշխատել: Նրա խնամքին կինն ու չորս երեխաներն են, որոնցից տասնամյա Վարդուհին առողջական խնդիրներ ունի, ամեն օր դեղորայք է ստանում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG