Մատչելիության հղումներ

Քրեական վարույթ ոստիկանական բռնության փաստով. ոստիկանը ձերբակալվեց

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ոստիկանի կողմից քաղաքացի նկատմամբ առերևույթ բռնության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել խոշտանգման հոդվածով: Ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է, «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով)», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի («Խոշտանգումը») 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է 4-ից մինչև 8 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը հայհոյում ու ուժգին ապտակում մի տղամարդու, հրապարակել էր լրագրող Սյուզի Բադոյանը: Նրա տեղեկություններով՝ Հայկ Հակոբյան անուն-ազգանունով ոստիկանը բռնություն է կիրառում ենթադրյալ կասկածյալի հոր նկատմամբ, որ որդին բաժին ներկայանա: Դեպքն, ըստ լրագրողի, տեղի է ունեցել չորս ամիս առաջ:


XS
SM
MD
LG