Մատչելիության հղումներ

«Ուղեկցող ոստիկանները վաղուց պետք է պատժված լինեին». խոշտանգման գործն՝ առանց մեղադրյալների

Ակտիվիստ Սամվել Վարդանյանն արդեն երկու տարի է պնդում է՝ իրեն խոշտագել են ու երկու տարի է՝ այդ մարդիկ բացահայտված չեն. «Ոչ միայն չկան մեղադրյալներ, այլև ինձ ուղեկցող ոստիկանները շարունակում են պաշտոնավարել, պաշտոնի բարձրացում ստանալ»,- ասում է ակտիվիստը։

Իրավապահները դեռ քննում են, թե ով կամ ովքեր են ավտոմեքենայից իջեցրել Սամվել Վարդանյանին, ծեծել ու հեռացել՝ մինչ նրան ուղեկցող ոստիկանները բնական կարիքներն էին հոգում քիչ այն կողմ։

31-ամյա ակտիվիստին ձերբակալել էին, երբ նա ավտոբուսում այն ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կոպիտ լեզվակռվի էր բռնվել: Ձերբակալությունից հետո գիշերով ոստիկանական ավտոմեքենայով տարել էին Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, բայց, ինչպես Սամվելն է պնդում, շեղվել էին ճանապարհից, կանգնեցրել ավտոմեքենան:

«Դուռը բացել է սկզբից դիմակավորված մի հոգի, հայհոյախառն արտահայտություններով, թե՝ արի ստեղ ասեմ, այնուհետև տեսել եմ 2-րդին ևս դիմակավորված, այնուհետև «խրախճանքին» միացել է 3-րդը։ Ֆիքսել եմ 3 հոգի, որոնցից առնվազն մեկը բժշկական ձեռնոցներով բերանս փակել էր»,- պատմում է ակտիվիստը։

Այսօր Սամվելը պնդում է՝ այդ երկու ոստիկանները գիտեին, թե ինչ է սպասվում իրեն և հատուկ էին շեղել ճանապարհը, որ 3-4 դիմակավորված անձինք ծեծեն իրեն: Կասկածներ ունի, որ իրեն պատժել են իշխանական պատգամավորի նկատմամբ իր վերաբերմունքի համար:

Սամվել Վարդանյանի խոսքով.- «Սովորական ճանապարհից, որը տանում էր դեպի Ազատության պողոտայի վրա գտնվող դարպասը, շեղվել են դեպի ձախ կողմ, որը չօգտագործված, լքված շինություններով, խոտածածկ, ինչ-որ մոլախոտերով, քայքայված ասֆալտով, քայքայված բետոնով հատված էր»։

Թեև իրավապահներն արագ վարույթ էին նախաձեռնել խոշտանգման հոդվածով, բայց երկու տարի անց նույնիսկ պատասխանատվության չեն ենթարկել ուղեկցող երկու ոստիկաններին, որոնք պատասխանատու էին իրենց հսկողության տակ գտնվող քաղաքացու համար: Ավելին՝ նրանք առաջխաղացում են ստացել՝ ասում է Սամվելն ու նկատում, որ իր ձեռքի տակ եղած այս փաստերը թույլ են տալիս պնդել՝ հանցագործությունը չի էլ բացահայտվելու, պնդում է. «Չեն բացահայտում, որովհետև գործը ոտքից գլուխ քաղաքական է»։

Ակտիվիստը հիշում է, որ իրեն ձերբակալելուց հետո ԱԺ նախագահն էր անդրադարձել թեմային, իրեն ոչնչություն էր անվանել, իսկ արարքն առանց դատարանի վճռին սպասելու, որակել խուլիգանություն: Դրանից կարճ ժամանակ անց դատարանը նրան մեղավոր ճանաչեց հենց խուլիգանության համար:

«Քերծվածքներ են եղել գլխի հատվածում, մազերի մեջ արնանման հետքեր են եղել, թևերիս են կապտուկներ, դեղին հատվածներ եղել, ծնկի շրջանում, ճակատի շրջանում ուռածությունը է եղել, ինչը, ի դեպ, հաջորդ օրը, երբ ՁՊՎ-ից ինձ տարել են դատաբժշկական փորձաքննության, մեծ դժկամությամբ էր բժիշկը արձանագրում ու միայն իմ ցույց տալուց հետո էր արձանագրումներ անում»,- նշում է ակտիվիստը։

Ոչ մարմնի վրայի հետքերը, հագուստի ու կոշիկների վրայի հոտը, ոչ էլ հարցաքննություններն ու առերեսումներն անցած երկու տարում բավարար չէին հստակեցնելու մեղադրյալներին: Օրերս գլխավոր դատախազն էր անդրադարձել այս դեպքին.

«Այստեղ երկու լրացուցիչ փորձաքննություն է նշանակված, որի արդյունքներն ենք սպասում, երեկ եմ ճշտել, և արդեն գնահատականների հարցը կհասկանանք»,- հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նմանատիպ պատասխան գլխավոր դատախազը նույն խորհրդարանում տվել էր ուղիղ մեկ տարի առաջ: Այն ժամանակ էլ էր Աննա Վարդապետյանը սպասում փորձաքննությունների պատասխանների: Դրանք ստացվել էին, դատախազն ասել էր՝ կծանոթանա, կարձագանքի, բայց մեկ տարի անց դատախազը լրացուցիչ փորձաքննությունների պատասխանների է սպասում: Ինչո՞ւ անցած տարվա փորձաքննությունները բավարար չէին և այդ ի՞նչ նոր փորձաքննություններ են, իրավապահները չեն մանրամասնում:

Սամվելն ու փաստաբանը շարունակում են պնդել՝ առանց փորձաքննությունների էլ կարող էին պարզել մեղադրյալների շրջանակը: Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ հարցաքննությունները, ոստիկանների հետ առերեսումները, դեպքի վայրի զննությունը բավարար էին գոնե ոստիկաններին մեղադրանք առաջադրելու համար։ Նրանց գործն էր ձերբակալվածին ապահով տեղ հասցնել, բայց դա չեն արել։

«Ուղեկցող ոստիկանների կողմից, գոնե անփութության մասով ամեն ինչ ակնհայտ է»,- շեշտում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Սամվել Վարդանյանի խոշտանգման գործի մասին հիշատակված է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում: Դրանում նշվում է նաև, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է, ենթադրյալ հանցագործները շարունակում են պաշտոնավարել և նույնիսկ առաջխաղացում ստանալ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG