«Քաղաքացիական պայմանագրից» ովքե՞ր կղեկավարեն խորհրդարանական հանձնաժողովները։ Չնայած իշխող ուժն այս պահին պաշտոնապես ոչինչ չի հաղորդում, այդուհանդերձ, «Ազատության» տեղեկություններով, իշխող կուսակցությունում ներքին առաջադրումների փուլն արդեն ավարտվել է։
Բոլոր 12 մշտական հանձնաժողովների համար կան հստակ թեկնածուներ։ Առաջադրվածների ցուցակից դատելով հանձնաժողովներ ղեկավարելու հավակնություն ունեն ինչպես հին ու փորձված նախագահներ, այնպես էլ բավականին անսպասելի դեմքեր, որոնց առաջադրումն անակնկալ է եղել նույնիսկ թիմակիցների համար:
Ինտրիգ չկա Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, այստեղ առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահ Արուսյակ Ջուլհակյանն է:
Ջուլհակյանն այս հանձնաժողովի ղեկը ստանձնել էր ընդամենը երկու ամիս առաջ, որից հետո առաջադրվել էր որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու, բայց ներիշխանական պայքարում նրան չհաջողվեց հաղթել, և հիմա Ջուլհակյանն, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Պաշտոնին հրաժեշտ կտա Անդրանիկ Քոչարյանը, որը 2018-ի հեղափոխությունից հետո ղեկավարել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, ինչպես նաև ապրիլյան և 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովները։ Պատգամավորն այս անգամ առաջադրվածների ցուցակում չկա։
Քոչարյանն արդեն հայտարարել է՝ իր համար ընդունելի է այն ձևաչափը, երբ թեկնածուին առաջադրում ու ընտրում է խմբակցությունը։ Մինչդեռ այս անգամ հավակնորդներին հաստատելու է ՔՊ վարչությունը։
Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ՔՊ վարչության անդամներ՝ Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը։ Ինչպես նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Խաչատրյանն այս գումարման խորհրդարանում հանձնաժողովի փոխնախագահն էր։ Գաբրիելյանը նախորդ տարի վայր էր դրել պատգամավորական մանդատը՝ լրագրողին հայհոյելու միջադեպից հետո։ Իսկ Սասուն Միքայելյանը, որ ներկայիս խորհրդարանում պատգամավոր չէ, նախորդ խորհրդարաններում հաճախ էր հայտնվում աղմկոտ սկանդալների կենտրոնում։
Թեժ պայքար է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնի համար։ Գործող նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, որ ՔՊ ընտրական ցուցակի վեցերորդ հորիզոնականում է, մանդատ չի ստանա։ Նրա հանձնաժողովը ղեկավարելու հավակնություն ունեն վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանն ու Զարուհի Բաթոյանը, կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրված, բայց չընտրված Արթուր Հովհաննիսյանը։
Չորս թեկնածու էլ առաջադրվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար։ Հավակնորդների թվում են հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ Ալխազ Ղազարյանն ու Տրդատ Սարգսյանը, ինչպես նաև Նելի Բավեյանը, որն այս խորհրդարանի նորեկ պատգամավորներից է։
Կրթության հանձնաժողովի համար պայքարողների թվում նույնպես նորեկ կա՝ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որին քարոզարշավի ընթացքում հաճախ կարելի էր տեսնել վարչապետի քարոզչախմբի հետ։ Առաջադրվել են նաև հանձնաժողովի գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու փոխնախագահ Թագուհի Ղազարյանը։
Նույնքան թեկնածու առաջադրվել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։ Այստեղ թեկնածուներն են հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, Զարուհի Բաթոյանն ու ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը։ Հակոբյանն ու Տրդատ Սարգսյանը առաջադրվել են նաև Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։
Իսկ Եվրաինտեգրման հանձնաժողովը ղեկավարելու ցանկություն ունեն գործող նախագահ Արման Եղոյանն ու հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում աշխատանքը շարունակելու ցանկություն ունի գործող նախագահ Սարգիս Խանդանյանը։ Ավելի քան երեք տարի այս հանձնաժողովը ղեկավարած Խանդանյանը առաջադրված միակ թեկնածուն չէ։ Ուժերը որոշել է փորձել նաև որևէ նախաձեռնությամբ կամ ելույթով խորհրդարանում աչքի չընկած Տաթևիկ Գասպարյանը։
Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Ծովինար Վարդանյանը, ԲՀԿ-ից ՔՊ տեղափոխված Սերգեյ Բագրատյանը և Բաբկեն Թունյանը։ ՔՊ-ական Թունյանը նաև տնտեսական հանձնաժողովի նախագահ է ցանկանում դառնալ։ Այս հանձնաժողովում նա առաջադրված միակ թեկնածուն է։
Պատգամավոր Վահե Ղալումյանն ու Գարիկ Սարգսյանն էլ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի առաջադրված թեկնածուներն են։
Թե հավակնորդներից ում կընտրի ՔՊ վարչությունը, պարզ կդառնա ամսվա վերջին։ Թեև 12 հանձնաժողովներից չորսի նախագահությունը, ըստ օրենքի, հասնում է ընդդիմությանը, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, մեկը՝ «Հայաստան» դաշինքին, իշխող ուժից որոշել են ամեն դեպքում իրենց թեկնածուներին ունենալ։
Ըստ պլանի, եթե հանձնաժողովի նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, ՔՊ-ի ներկայացուցիչը այդ նույն հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։