Մատչելիության հղումներ

Ծառուկյանի քնից չարթնացած առյուծի հարցը՝ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի օրակարգում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քնից այդպես էլ չարթնացած առյուծի հարցն այսօր Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի օրակարգում էր։ Այգու կառավարման խորհրդի կազմում մասնագետ գիտնականներ են ու Երևանի ավագանու խմբակցություններից մեկական անդամ։

Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանն ասում է.- «Տարօրինակ է առնվազն, որ այսքան ուշացել է կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նիստը, որովհետև այո, հրատապ հարցեր կան և արագ արձագանքման խնդիր ենք տեսնում, այդուհանդերձ, շատ սպասելիքներ չունենք»։

Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի քարտուղար Արման Անտոնյանը փոխանցեց, որ որպես արձանագրություն՝ նիստի արդյունքները կամփոփեն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն էլ շեշտեց.- «Եվ՛ քնեցումը, և՛ արթնացումը, մնացած բուժօգնությունը մասնագետներն են ցուցաբերել, կարծում եմ այդ ինֆորմացիան կփորձենք հնարավորինս լիարժեք իրենցից ստանալ»։

Քննարկումը փակ էր։ Ավագանու ընդդիմադիրներից Նարե Արամյանը տեղեկացրեց՝ իրենց այգու փոխտնօրենը ներկայացրել է գիշատիչների քնեցման ընթացքը։ Պարզվում է մասնագետներն իրավապահներին տեղեկացրել են՝ գազաններին քնեցնելը ռիսկային է։

«Ի սկզբանե, իրավապահների կողմից տրվել է հրահանգավորում՝ կոնկրետ ժամանակահատվածում կենդանիների առգրավումը կազմակերպելու, ինչը, բնականաբար, բացատրվել է նրանց, որ դա անհնարին է, թե՛ կենդանիների բարեկեցության տեսանկյունից, թե՛ ֆիզիկապես այդ գործողությունները կազմակերպելու»,- ընդգծում է Արամյանը:

Առյուծի անկումից հետո մի շարք կենդանաբյուժներ կասկածներ էին հայտնել՝ արդյո՞ք քնեցումն ըստ պրոտոկոլի է իրականացվել, այգու մասնագետների ձեռքի տակ եղե՞լ է քնածներին արթնացնելու համար նախատեսված դեղորայքը: Եղել է։

Նարե Արամյանի խոսքով.- «Անտիդոտն էր, որոնք արթնացնում են կենդանուն, այսինքն՝ դրանք օգտագործել են բոլորի նկատմամբ, և միայն այդ կենդանին չի պատասխանել այդ դեղամիջոցին»։

Կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանն ուշադիր լսել է այն, ինչ զեկուցել է այգու փոխտնօրենը տեղափոխման գործընթացի վերաբերյալ։ Վստահ արձանագրում է՝ քնեցման գործընթացում խախտում այգու մասնագետները թույլ չեն տվել։ Քնաբեր դոզաները եղել են ըստ սահմանված կարգի։

«Խոսք էր գնում, որ երկու անգամ են քնացրել, այդպիսի տարբերակ չկա, մի անգամ են քնացրել, մի անգամ են սրսկել: Այն վագրին են երկու անգամ քնացրել. մի անգամ քնացրել են, մի հատ էլ տեսել են, որ զարթում է արկղի մեջ, մի հատ էլ այդ ժամանակ»,- պատմեց կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը:

Մամվելյանի խոսքից հասկացանք, որ Ծառուկյանի վագրերից մեկը քնաբերից հետո արթնացել է։ Սա այն է, ինչի մասին ավելի վաղ ահազանգում էր Նարե Արամյանը, խոսելով այն շտապողականության մասին, որով քննիչները գործի էին անցել ու տեղահանել գիշատիչներին, չէ՞ որ նրանք կարող էին ավելի վաղ արթնանալ ու ուղղակի հոշոտել՝ ում պատահի։ Այսօր էլ պնդեց՝ այս գործընթացի գլխավոր հարցը հենց իրավապահների մոտեցումն է՝ արագ քնեցնել կենդանիներին ու ապահովել տեսարան։

«Քննչական մարմինները ունեին բոլոր հնարավորություններն այդ տեղում, անգամ կապարակնքված վիճակում թողնելու կենդանիներին և շարունակելու նրանց խնամքը: Վայրի կենդանիների առգրավումը կարող եմ միանշանակ գնահատել որպես ուղղակի քամահրանք, քմահաճույք, որովհետև որևէ կերպ, որևէ հիմնավորում ունենալ այն չի կարող»,- շեշտում է Արամյանը, պնդում է՝ առյուծի անկմամբ պատասխանատուներին պետք է փնտրել հենց իրավապահների շրջանում։

«Այս կենդանիները ոչ թե կենդանիների բարեկեցության տեսանկյունից են օտարվել, այլ առգրավվել են որպես իրեղեն ապացույցներ, և իրեղեն ապացույցներից մեկն այսօր այդ նույն իրավապահ մարմինների պատճառով այլևս գոյություն չունի»։

Ի տարբերություն ավագանու ընդդիմադիր անդամի՝ կառավարման խորհրդի մյուս անդամներն իրավապահների շտապողականության մասին չեն խոսում։ Արամ Աղասյանի խոսքով.- «Որոշումը կայացվել է Քննչական կոմիտեի կողմից։ Այդ բոլոր հարցերը իրենց։ Այսինքն՝ այստեղ մասնագետներն ասել են, որ սա ռիսկային է»:

Լավ կլիներ լսեին կենդանաբաններին ու այդպես հապշտապ տեղափոխություն չկազմակերպեին, ասում են մասնագետները։ Ըստ խորհրդի նախագահի՝ քնած մնացած էգ առյուծը, ճիշտ է, հիվանդություններ ուներ, բայց տեղափոխության զոհը դարձավ։

Կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը չի ընդունում այգու մասնագետներին ուղղված մեղադրանքը, որ քնեցնելուց առաջ կենդանիները չեն հետազոտվել, ասում է՝ անհնար է եղել դա։

«Անասնաբուժական փաստաթուղթ պետք է ունենա կենդանին, ինչպես մարդիկ ունեն, ինչ հիվանդություններ են և այլն: Նման փաստաթղթեր ոչ մեկ չի ներկայացրել։ Եթե նախապես պետք է հետազոտություն անեին, դա գիշատիչ կենդանի է, 200- 150 կիլոյանոց հզոր կենդանի է, ո՞վ կմտնի մոտը ռենտգեն ապարատով առյուծին ինչ-որ ռենտգեն անի, անհնարին է, պետք է քնացնել, չէ՞»,- ասաց Մանվելյանը:

Եթե ոչ մի տվյալ չկար կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ, ո՞րն էր նրանց մեկ օրում հրատապ տեղափոխելու պատճառը։ Այս հարցի պատասխանը շարունակում է մնալ լռությունը։

Մանրամասներրը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ծառուկյանի քնից չարթնացած առյուծի հարցը՝ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի օրակարգում
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG