Մատչելիության հղումներ

Կոկոյի անսպասելի հյուրերը. մեկ կացարանում՝ 10 կոկորդիլոս

Երևանի կենդանաբանական այգու կոկորդիլոսը՝ Կոկո անունով էգը, իր երկսենյականոց փոքրիկ կացարանում ընդունել է Գագիկ Ծառուկյանի ինը կոկորդիլոսներին։

Նրանց իրավապահների կողմից կապարակնքված առանձնատան տարածքներից մասնագետները տեղափոխեցին երեկ։

Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի տեղեկացմամբ՝ այս գիշատիչներին քնեցնել չի կարելի, տեղափոխելն էլ տեխնիկապես ու ֆիզիկապես բարդ գործ է եղել։ Երեկ կոկորդիլոսներից մեկը նույնիսկ վնասվածք է հասցրել այգու աշխատակիցներից մեկին։

«Ինձ հոշոտելու մասին լուրերը չափազանցված են», - ասում է փոխտնօրենը, հոնքի շրջանում թեթև վնասվածք է ստացել:

Իսկ մեկ կոկորդիլոսի համար նախատեսված տարածքը որքանո՞վ է հարմար ևս 9-ին անժամկետ ընդունելու համար. «Ընդամենը մի կոկորդիլոս էր այդտեղ, իր համար տեղը շատ մեծ էր։ Այսօր այդտեղ տեղավորել ենք, նորմալ ցուցադրվում է»։

Ըստ Ասլանյանի՝ տեղը խնդիր չէ, կենդանիներն իրար հետ լավ են, կարանտինի մեջ էլ չեն, այցելուները կարող են միանգամից 10 կոկորդիլոսներով հիանալ։

Իսկ օրեր առաջ, երբ Ծառուկյանի այգուց առաջին գիշատիչները՝ վագրերն ու առյուծներն էին տեղափոխվել այստեղ ու մի էգ առյուծ այդպես էլ քնից չարթնացավ, Աշոտ Ասլանյանը պնդում էր՝ բոլոր կոկորդիլոսներին հյուրընկալել չեն կարող։

Հիմա բոլորին են տեղավորել ու պնդում են, որ լավ են այս գիշատիչները։ Այս մի հավաստիացումը ստուգել չենք կարող։ Արտաքուստ կենդանիները հանգիստ են, բայց եթե մի քանիսով որոշեն զովանալ ջրային ավազանում, հաստատ տեղ չկա։ Այստեղ առաջին պլանում հենց տանտերն է՝ Կոկոն, նեղոսյան է, կոկորդիլոսը, դեղնավուն աչքերովը։ Մյուսները անսպասելի հյուրերն են։

Ինչ եկել են, չեն կերակրվել։ Այգու մասնագետներն ասում՝ են թող ադապտացվեն, նոր կուտեն: Կոկորդիլոսների մենյուն թանկարժեքներից է. մանր կենդանիներ՝ ճագարներ, ձկներ:

Իսկ վաղը կքննարկվի Ծառուկյանի այգու բեզոարյան այծերի ու մուֆլոնների ճակատագիրը, հավանաբար նրանց նույնպես կտեղափոխեն, բայց սա դեռ վերջը չէ. ԲՀԿ առաջնորդի այգին նաև բազմաթիվ ջրլող կենդանիներ ունի:

Քննչական կոմիտեն պարզաբանել էր, որ կենդանիները Ծառուկյանի այգուց առգրավվում են, որովհետև դրանք «իրեղեն ապացույցներ են» ապօրինի որսի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ծառուկյանի փաստաբաններն էլ տարակուսում էին՝ ինչո՞ւ են իրավապահները կենդանիներին ու վեց տարի առաջ հարուցված քրեական գործը հիշել ճիշտ այն օրը, երբ ուժայինները գետնեցին Ծառուկյանին։

Իսկ կենդանապաշտպաններն այս առանց այդ էլ ոչ անաղմուկ գործընթացին միացան, երբ անվերադարձ քնեց Ծառուկյանի մայր առյուծը՝ Առինջից Երևանի կենդանաբանական այգի ճանապարհին։

Քնեցնելուց առաջ ինչո՞ւ չեն զննել գազաններին կամ նրանց տեղափոխելն ինչո՞ւ էր այդքան հրատապ։ Իշխանությունները նո՞ր իմացան, որ Ծառուկյանը կենդանիների ընդարձակ ու ապօրինի հավաքածու ունի։ Հարցադրումները շատ-շատ էին։ Որոշ շրջանակներ էլ առյուծի անկումը իշխանական հաշվեհարդար էին համարում։

Երևանի քաղաքապետարանն այսօր անհեթեթ է համարել այս թեզը՝ մանիպուլյացիա. «Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ։ Իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո։ Սա էր առաջարկի ու տեղափոխման միակ ոչ քաղաքական, բացառապես բնապահպանական մղումը»։

Իսկ ինչո՞ւ բնապահպանական մղման շրջանակում կենդանիները լիարժեք չեն ուսումնասիրվել ու նոր քնեցվել, սա է մասնագետների ահազանգը։ Քաղաքային իշխանությունը այս հարցին չի անդրադառնում։ Կենդանաբանական այգին էլ հարցը փակել էր արձանագրումով՝ առյուծը ծեր էր ու հիվանդ։

Ի դեպ, կոկորդիլոսները, եթե խանգարող չի լինում, մինչև 120 տարի ապրում են։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG