Մատչելիության հղումներ

«Խաղաղություն տվեք, գերիներին բերեք». վարչապետն այցելեց Արարատի ու Վայոց ձորի մարզեր

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Վարչապետի այսօրվա այցը Արենի համայնքի Ելփին բնակավայր սկսվեց խալաթով ու բախիլներով, ավարտվեց գյուղական խնդիրների բարձրաձայնմամբ։ Եթե տասն օր առաջ Նիկոլ Փաշինյանը նորակառույց մանկապարտեզ էր մտել և խոհանոցում անձամբ ստուգել կաթսաների պարունակությունը՝ առանց հատուկ արտահագուստի, ապա այս անգամ պահպանեց սանիտարական կանոնները։

Ելփինում 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի խոհանոցում սնունդը պահելու համար տեղադրվել էր հինգ հատ մարդաբոյ սառնարան ու մի սառցարան։ Այս տեխնիկական առատությունը վարչապետի մոտ զարմանք ու ծիծաղ առաջացրեց. - «Վահ, մեկ, երկու, երեք, չորս, հինգ՝ հինգ սառնարան, մի սառցարան ... ստեղ սառնարանների թիվը հինգ ա: Սովորաբար չորս ա լինում, բայց էդ բանի խողովակը հենց միանգամից էրևաց՝ բարակ խողովակ էր»:

Օդատարը նեղ է, նկատեց վարչապետը: Ըստ նրա՝ դա էր պատճառը, որ ճաշի հոտը միջանցք էր հասնում: Թեթև դիտարկում արեց՝ առանց հանդիմանանքի. - «Միջանցքում էլ մի թեթև ճաշի հոտ կար»:

Հունիսի 7-ի ընտրություններից առաջ Փաշինյանը ինտենսիվացրել է աշխատանքային այցերը մարզեր: Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերում էր:

Մանկապարտեզի գունավոր պատերից այն կողմ՝ բակում, գյուղացիներն էին՝ իրենց տարիների կուտակված հոգսերով։ Եթե վարչապետը խոստացավ հաջորդ տարի լուծել խմելու ջրի խնդիրը, ապա ոռոգման ջուրը ելփինցիների համար դեռ անհասանելի երազանք է մնում։ Վերջին երկու տասնամյակում գյուղի շուրջ 80 հեկտար այգիները պարզապես չորացել են՝ մարդկանց թողնելով առանց աշխատանքի ու հույսի.

«Ջրամբարը մենք էնքան ենք ասել, արդեն ոնց որ ամաչենք հաջորդ անգամ նորից էդ հարցը բարձրացնել: Հիմա այս ջրամբարի հարցը ի՞նչ ա լինելու, ինչքա՞ն ժամանակ», - ասաց գյուղացիներից մեկը:

«Ամաչելու բան չկա», - արձագանքեց Փաշինյանը:

«Առաջիկայում TRIPP նախագիծը կսկսի աշխատել», - վարչապետը վստահությամբ անդրադարձավ նախորդ տարվա օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածություններին: Չնայած դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի շինարարությունը, Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղու գործարկումը, Փաշինյանը ներկայացրեց այն որպես հաստատուն իրողություն: Ըստ գործադիրի ղեկավարի՝ հարավային երկաթուղու վերագործարկման արդյունքում Հայաստանը տարանցիկ երկիր կդառնա, ինչը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Ասում եմ՝ ոնց որ նախորդ շրջանում առաջնահերթություններից մեկը, առաջնահերթությունը խաղաղությունն էր, առաջիկա հինգ տարի առաջնահերթություններից մեկը, կարևոր հարցերից մեկը ներքին լինելու ա ջուրը», - վստահեցրեց վարչապետը:

Գազ չկա, ջուր չկա, տրանսպորտ չկա․ գյուղացիների ձևակերպած խնդիրներին վարչապետի լուծումը ՀԴՄ-ներն են: Ավելանան՝ շատ խնդիրներ կլուծվեն. - «ՀԴՄ, ՀԴՄ, ՀԴՄ, ինչքան ՀԴՄ լինի՝ գազն էլ կանենք, 16 միլիոնն էլ կտանք, ճամփեն էլ կսարքենք, դպրոցն էլ, ջուրն էլ, թոշակն էլ, առողջապահությունն էլ, էս էլ, էս էլ: Կարճ ասած՝ հերթով կլուծենք»;

Այցի հաջորդ կանգառը Պարույր Սևակ գյուղի նորակառույց դպրոցն էր։ Այստեղ վարչապետի տոնայնությունն էականորեն տարբերվում էր երկու տարի առաջ Լոռու մարզի Մեդովկա գյուղի մոդուլային դպրոցում ունեցած ելույթից։ Եթե այնտեղ շինարարական թերությունները կոռուպցիոն կասկածների ու խիստ պատիժների առիթ էին դարձել, ապա այսօր Փաշինյանը շնորհակալություն հայտնեց շինարարներին՝ նկատելով, որ աշխատանքի որակը գնալով լավանում է։

«Դե հիմա որտեղ նայում ենք՝ շինարարը ամեն տեղի ուզեցել ա հազար դրամ տանի, տենց չի կարելի աշխատել, էս ի՞նչ ձև ա: Ատկատ ե՞նք ուզում մենք շինարարից, մեզ փող ա՞ տալիս, խի՞ չեն անում իրանց գործը էս մարդիկ», - հայտարարել էր վարչապետը երկու տարի առաջ Մեդովկայում:

«Իհարկե, շինարարությունը շատ բարդ ստեղծագործական պրոցես ա, բայց, այնուամենայնիվ, ստեղծագործական պրոցես ա, և էդ ստեղծագործությունը գնալով ավելի լավն է դառնում, և ես դրա համար շատ ուրախ եմ», - հայտարարեց Փաշինյանը այսօր:

Արտաշատի նորաբաց ավագ դպրոցում նույնպես, թեև մտավ բոլոր սանհանգույցներ, բացեց ծորակներն ու լոգախցիկների թափանցիկ վարագույրները, բայց վարչապետի բարձրաձայնած միակ թերությունն այն էր, որ դպրոցի արտաքին պատերը գունավորված չէին, ինչպես մյուս դպրոցներում. - «Գունային ստանդարտը ինչի՞ չենք ապահովում: Գունային ստանդարտը, գունային: Մենք պայմանավորվել ենք, չէ՞, որ դպրոցները նույն գունային բանի մեջ պետք է լինեն»:

Նորակառույց կրթօջախների բակերում գյուղացիները վարչապետին դիմավորում էին ծափերով, մոտենում՝ շնորհակալություններով ու սրտառուչ բառերով:

Արարատում էլ տեղացիները խոսեցին չլուծված խնդիրների մասին՝ փակված բնակարանային ծրագրերից մինչև հաստատուն խաղաղության ակնկալիք ու գերիների վերադարձ.

«Խաղաղություն տվեք, էս ժողովուրդը մեղք է: Ի՞նչ կլինի, խնդրում եմ, էլի, գերիներին ազատեք բերեք, էլի, խնդրում եմ Ձեզ», - ասում էր մի կին:

Իսկ Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում նորակառույցի բակը զարդարված էր իշխող կուսակցության խորհրդանիշ նարնջագույն սրտիկով։ Վեդիի համայնքապետը վարչապետի կուսակիցն է:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG