«Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, ուրախ ավտոբուսը ուղիղ եթերում է». - իշխանական ավտոբուսի ուղևորները Արամ Ասատրյանի երգացանկով, պարելով, այսօր վաղ առավոտյան շարժվեցին Սյունիք:
Նորից ակտիվ էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարը Սյունիք պարելով էր մեկնում:
ՔՊ-ականների ավտոբուսը կանգնեց Աղավնաձորում, նախաճաշի ժամն էր:
Հետո վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը ուղիղ եթերում հայտնվեցին լավաշներով: Ավտոբուսում ախորժակով վայելում էին Աղավնաձորի շուկայից գնած երկու լավաշը: Քարոզարշավի նախորդ օրերին Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում էին կարկանդակով, խաշած եգիպտացորենով ու սուջուխով:
Շինուհայրում այնքան անհոգ ու զվարթ չէին, որքան Փաշինյանի գլխավորած ավտոբուսում: Սահմանամերձ գյուղում ոռոգման ջուր չկա, տարեց բնակիչը աղաչեց, որ Կառավարության ղեկավարն այս հարցը լուծի. - «Մենակ մի խնդրանք՝ գյուղը ոռոգման ջուր չունի: Ուղղակի ոչ թե խնդրում ենք, աղաչում էլ ենք; Իմ անունից չեմ ասում, ամբողջ գյուղի անունից եմ ասում»:
«Շատ լավ: Ոչ խնդրելու կարիք կա, ոչ էլ աղաչելու, սարքելու ենք հերթով, ամեն ինչն էլ անելու ենք», - արձագանքեց վարչապետը:
Էլի նյութական խնդրանքներ կային՝ խաղահրապարակի հարցը, քանդված տանիքների, որ մարզպետարանը բնակիչների դիմումներին այդպես էլ ընթացք չի տվել: Փաշինյանը նորից հիշեցրեց՝ կաշկանդված է օրենքով, նախընտրական փուլում իրավունք չունի նյութական խոստումներ տալ:
Նյութական խնդրանքների ու բողոքների հարցը տեղում փակող վարչապետը պատրաստակամ ու մանրամասն հարցուփորձ էր անում խաղաղությունից, թե զգո՞ւմ են խաղաղությունը, և ինչպե՞ս:
Շենքեր էր մտնում ու թակում բնակիչների դռները, հետո հարցուփորձ անում առողջապահական ապահովագրությունից, նպաստից ու բարձրացվող թոշակներից: Տարեվերջին 12 միլիոն դրամ պարգևավճար ստացած Փաշինյանը մանրամասն հարցաքննում էր թոշակառուներին, թե լսե՞լ են, որ թոշակը 10 հազար դրամով ապրիլի 1-ից ավելանալու է:
Վարչապետն ուրախությամբ լսում էր սիսիանցի տարեց կնոջը, որ Կառավարության բարեփոխումներից տեղյակ է, թոշակը քարտով է ծախսում ու հետվճար էլ է ստանում:
«Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարին հատկապես զարմացրեց, որ տարեց կինը գիրք է կարդում, այն էլ՝ Իլոն Մասկի գիրքը: Ոգևորված՝ թիմակիցներին ներս կանչեց. - «Հլը տատին ինչ ա կարդում, հլը նայեք էլի մենակ: Հլը էկեք ստեղ, ժողովուրդ, հլը էկեք, հլը էկեք, բոլորդ էկեք հլը, հլը էկեք, Սեդա տատիկը հլը նայեք ինչ ա կարդում»:
ՔՊ-ականների նախընտրական ուրախ երթը Սյունիքում շարունակվում է: