Մատչելիության հղումներ

Փաշինյանի «ուրախ ավտոբուսը» Գեղարքունիքում․ ճանապարհներ, խոստումներ, գոհ ու դժգոհ բնակիչներ

«Գալ Գեղարքունիքի մարզ ու կարտոշկա չուտել, էդ մեղք է»,- Գեղարքունիքի մարզի խորհրդանիշ համարվող կարտոֆիլն ուտելուց առաջ, վարչապետ Փաշինյանն այսօր էլ ուրախ ավտոբուսում ներկա բացակա արեց: ՔՊ-ականներն էլ ակտիվ սրտիկներներով էին արձագանքում:

Իշխանական ավտոբուսի առաջին կանգառը Վարդենիսում էր: Տարբեր հարցերով, խնդիրներով ու գոհունակության խոսքերով իրեն մոտեցած վարդենիսցիներին Փաշինյանը դարձյալ իր գլխավոր թեզը հիշեցրեց.

«Ճանապարհը կկառուցվի, ջրագիծ, դպրոց, մանկապարտեզ, ամեն, ամեն ինչ, բայց հիմա մեր հիմնական խնդիրը խաղաղությունն է, որովհետև էս ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացին մի հարցի պատասխան պիտի տա՝ ինքը տեր կանգնո՞ւմ է խաղաղությանը, թե տեր չի կանգնում»,- ասաց Փաշինյանը:

Ուրախ ավտոբուսը չնախատեսված կանգառ ունեցավ. Խաչաղբյուր գյուղի բնակիչներն էին հավաքվել, որ Փաշինյանին հարցնեին՝ ինչո՞ւ իրենց գյուղ տանող ճանապարհը 30 տարվա ընթացքում չի նորոգվել: 27 թվին կսարքվի, ասաց վարչապետը, ինչին բնակիչներից արձագանքեցին. «Ինչքա՞ն կարելի է ժողովրդին խաբել, պարոն Փաշինյան»:

Նիկոլ Փաշինյան.- «Էսքան ճանապարհ է սարքվել, բոլորը միանգամից չենք կարա, հերթով կարանք սարքենք, հերթով: Ներողություն եմ խնդրում, էսքան դիմացել եք, մի տարի էլ դիմացեք»:

Խաչաղբյուր գյուղը Վարդենիս խոշորացված համայնքի կազմում է: Սերգո Գալստյանը, որ 9 տարի Խաչաղբյուրի գյուղապետն է, «Ազատությանն» ասաց՝ ուղիղ եթերում է տեսել, որ իր գյուղացիները դուրս են եկել իշխանական ավտոբուսի դիմաց, որ դեպի գյուղ տանող գլխավոր ճանապարհի կառուցման հարցը բարձրացնեն: Իսկ, թե ինչո՞ւ բանը հասավ վարչապետին, Գալստյանն իր բացատրությունն ունի.

«Ճանապարհը Խորհրդային Միության ժամանակահատվածի ճանապարհ է, հիմա վթարային է, փոսեր են լրիվ, դրա համար են դիմել»,- ասաց Խաչաղբյուրի գյուղապետ Սերգո Գալստյանը:

«Ազատություն».- Իսկ ի՞նչ են ասել Ձեզ, մինչև այդ դիմե՞լ էիք:

Սերգո Գալստյան.- «Դիմել ենք»:

«Ազատություն».- Ո՞ւմ եք դիմել:

Սերգո Գալստյան.- «Թե՛ մարզպետարան, թե՛ համայնքապետարան, թե՛ էն ժամանակ, որ առանձին էինք»:

«Ազատություն».- Ի՞նչ են ասել:

Սերգո Գալստյան.- «Դե ամեն տարի խոստացել են»։

«Ազատություն».- Դուք քանի՞ տարի եք ղեկավարում համայնքը:

Սերգո Գալստյան.- 9:

«Ազատություն».- 9 տարվա ընթացքում քանի՞ անգամ եք դիմել ու հստակ ինչ են ասել:

Սերգո Գալստյան.- «Խոստացել են, որ կլուծվի: Հետո պատերազմն ընկավ արանքը: խոստացան էս տարվա համար, հետո չեմ իմանում՝ ինչն է պատճառը, որ չի եղել»:

Վարչապետի ավտոբուսին մարտունեցիները կանգնեցրին, սատարողներից ու քաջալերողներից բացի, վարչապետին մոտեցավ մի կին. նա առաջին իսկ բառից սկսեց արտասվել, ասաց՝ հադրութից է, ամուսինը եռաբլուրում է հուղարկավորված:

«Զինկոմիսարիատը տարել ա ամուսնուս ոչ մի թուղթ չի տվել, ամուսնուս գումարը չեմ ստանում»,- ասում էր Նելլի Սարգսյանը:

Գավառում թոշակի բարձրացումից ու անվճար բուժոգնությունից գոհ մի տղամարդ դեղատուփը ձեռքին էր մոտեցել Փաշինյանին, որ պատմի՝ ինչ ծրագրերից է օգտվել:

Պահեստազորի մի սպա դժգոհեց, որ 2004-ից հերթագրված է ՊՆ-ի՝ բնակարների ապահովման ծրագրում, բայց դեռ լուր չունի: Նախարար Պապիկյանն ասաց՝ առաջիկա 4 տարում բոլորի տները տալու են: Մարտունեցի մի երիտասարդի մտահոգում էր, որ իր տարեկիցների շրջանում շատերն են տարված քրեական ենթամշակույթով: Ձորագյուղցիներն էլ նեղսրտեցին՝ 3 տարի է գազի գիծը կառուցված է, բայց գազ չկա: Անասուններին սար տանող գյուղացիներն էլ ասացին՝ ջուր չկա, կենդանիները ծարավ են մնում...:

Վարդենիսում մարզպետից բացի Փաշինյանի թիմին նաև քաղաքապետ Ահարոն Խաչատրյանն էր ուղեկցում, հենց նրա տունն ու քաղաքապետարանն էին նախորդ տարի իրավապահները խուզարկել, սուբվենցիոն ծրագրերում կոռուպցիոն խնդիրների կասկածով:

Ահարոն Խաչատրյանն ի դեպ, պաշտոնավարում է 4 տարի․ ընտրվել է սեփական դաշինքով՝ ՔՊ-ի դեմ պայքարում ստանալով մեծամասնության ձայները։ Իսկ օրերս նա արդեն ՔՊ վարչության նիստին էր մասնակցել. հրապարակված տեսանյութում նա ամբիոնի մոտ էր:

XS
SM
MD
LG