Այսօր Լոռու Սպիտակ քաղաքում ՔՊ-ականների ուրախ ավտոբուսի ժամանումից դեռ ժամեր առաջ պարզ էր՝ վարչապետի գլխավորած կուսակցականների խումբը մոտենում է: Պարեկայինների մեքենաներն անընդհատ ազդանշաններով երթևեկությունն էին կարգավորում:
Արդեն մեկ ժամ առաջ կենտրոնական փողոցում ու դրան կից փակուղիներում այլևս իրավունք չկար կայանելու: Հեռացնում էին թեկուզ մի քանի վայրկյանով ուղևորների համար կանգնած մեքենաներին:
Բայց Սպիտակում բարձրաստիճան պաշտոնյաների ժամանման մասին դեռ նախորդ օրը նշաններ կային: Տեղի իշխանությունները մաքրել էին փողոցները, անգամ ողջ երեկոյան կենտրոնական փողոցի մայթերին դեռ տարիներ առաջ տնկված տույաները փաթաթել էին պոլիէթիլենով: Բնակիչներից մեկը, որ հարակից շենքում էր բնակվում, հավաստեց՝ նման բան չէին տեսել անգամ ձմռան սառնամանիքներին: Տարակուսած էր՝ ինչո՞ւ մի գիշերում որոշել էին փաթեթավորել կանաչ ու դիմացկուն այս ծառերը:
Այդ պահին անցորդներից մեկը, որ պարզվեց՝ քաղաքապետարանի մաքրուհիներից Գրետա Առաքելյանն է, ասաց՝ իր գործընկերներն են արել՝ նախապես հայտարարված ցրտահարությունից տույաները փրկելու համար:
Թե ինչու հունվար-փետրվարի սառնամանիքներին նման վտանգ չէր կանխատեսել տույաների համար, Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը, որ ավելի քան մեկ ժամ քաղաքի հրապարակում սպասում էր վարչապետի ավտոբուսին, հրաժարվեց պատասխանել:
Նիկողոսյանը, որ նաև, «Ազատության» տեղեկություններով, իշխող կուսակցության Սպիտակի շտաբի պետն է, միայնակ չէր սպասում բարձրաստիճան կուսակիցներին. քաղաքապետարանի աշխատակիցներ էին, նաև մարդիկ, որոնք ներկայացան որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներ:
«Խնդրելու ենք, որ էս կուրսը շարունակի: Երկիրը զարգանում ա, որ նորից զարգանում ա, ու զարգացնի: Շնորհակալություն ենք հայտնելու: Անհամեմատելի ա հիմա և սրանից մի հինգ տարի առաջ: Մարդիկ ավելի լավ են ապրում, ինչի՞ հաշվին՝ աշխատանք հաշվին, թոշակների հաշվին: Ես թոշակառու եմ, հլա որ աշխատում եմ՝ քաղաքապետարանում, բնակբաժնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:
«Խելքս էթում ա էդ մարդու [վարչապետի] համար, պտի էթամ: Բա ո՞ւմ խաթեր, Տաշիր Սամոյի խաթեր գա՞մ կայնեմ: Ի՞նչ հարցեր ունեմ, նրան [Փաշինյանին] հարց տալու բան չկա, էնա ծաղկեցնում ա Հայաստանը», - ասաց մյուսը:
«Սիրում եմ, սիրով ուզում եմ մի հատ դեմքը տենամ, ուրախանամ, գնամ տուն, հանգիստ քնեմ ըսօր», - հայտարարեց մի կին:
ՔՊ-ական Աննա Սահակյանը դստեր հետ էր եկել, ասաց՝ նրա ձեռագործ սրտիկը նվեր է բերել Փաշինյանին:
Դիմացի մայթին վարչապետի մասին ոչ միայն սրտառուչ ասելիք ունեցողներ կային:
«Առանց իրա [սպիտակցիները] շատ լավ են», - հայտարարեց մի կին, «Ազատության» հարցին ՝ «ինչո՞վ է խանգարում», արձագանքելով. - «Ամեն ձևով, խի դուք չգիտե՞ք, ինձանից ե՞ք ուզում իմանաք: Էս ի՞նչ ա մեր երկրի վիճակը»:
Երիտասարդ սպիտակցի Տիգրան Սարգսյանը հարցով էր եկել վարչապետին դիմավորելու: Զինվորական հաշմանդամություն է ձեռք բերել, բայց ասում է՝ կարգ նշանակելու գործընթացն իր համար կասկածելի էր. - «Դեպքը տեղի է ունեցել, ձեռք եմ բերել հաշմանդամություն, ու ըստ օրենքի նաև պետք ա նշանակվի հաշմանդամության կարգ: Էդ կարգը նշանակելու գործընթացը իրար երես նայելով ուղղակի որոշվեց, խոսում են, ես լսում եմ՝ «երկրո՞րդ նշանակենք, թե՞ երրորդ, չէ, լավ, երրորդ», ու վերջ»:
Քիչ անց Փաշինյանն ու նրան ուղեկցող բարձրաստիճան ՔՊ-ականները ժամանեցին Սպիտակ: Նրան դիմավորելու եկածները մշակույթի պալատի դիմաց էին սպասում, բայց նրան մոտ 200 մետր շուտ բազմություն շրջապատեց: Տարբեր հարցերով նրան մոտեցան բնակիչները՝ մեկը՝ իր բնակարանի, մյուսը՝ 88-ի աղետից հետո վթարային դարձած շենքի հարցով: Երեխաները ֆուտբոլի դաշտ էին խնդրում:
Բնակիչներից մեկն էլ թե՝ քրեական ենթամշակույթ կրելու հոդվածով է դատվում, համաներում էր ուզում:
Սպիտակցի Տիգրան Սարգսյանը վերջում ասաց՝ այդպես էլ չի կարողացել հաշմանդամության կարգի հետ կապված իր հարցով մոտենալ վարչապետին:
«Քաղաքացիական պայմանագրի» ուրախ ավտոբուսն այսօր եղավ նաև Վանաձորում, Տաշիրում, Ապարանում, Ջրաշենում: