Կաթողիկոսին «քարով սատկացնելու» բռնության կոչից երեք ամիս անցել է, բայց այս խոսքերի հեղինակ Էդվարդ Ստեփանյանին Քննչական կոմիտեն մեղադրանք չի առաջադրել: Կոմիտեից «Ազատությանը» հայտում են՝ նա որևէ կարգավիճակ չունի:
«Ես ո՛չ բռնության կոչ եմ արել, ո՛չ էլ Վեհափառին դեմ եմ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Էդվարդ Ստեփանյանը, ով Գառնու համայնքապետարանում է աշխատում: Կաթողիկոսի դեմ խոսել էր իշխանական կայքի տեսախցիկի առաջ՝ դեկտեմբերի 28-ին, երբ վարչապետ Փաշինյանն իրենց համայնքում պատարագի էր մասնակցում: Կայքից մոտեցել էին բնակիչներին ու հարցրել՝ ինչ պիտի լինի, որ կաթողիկոսը հեռանա: Այս տղամարդն էլ գլուխը քարով ջարդելու տարբերակն էր առաջարկել ու իշխանական կայքը դա տարածել էր:
Հարուցված քրեական գործով 2 անգամ հարցաքննության են կանչել ու վերջ, «Ազատությանն» ասաց Էդվարդ Ստեփանյանը, ինքն էլ չհիշեց, թե վերջին անգամ երբ են կանչել: Իր խոսքերից հրաժարվել է, քննիչներին վստահեցրել, թե քարով գլխին խփելու մասին ոչինչ չի ասել։
«Ազատություն».- Չէի՞ք տեսել այդ տեսանյութը:
Էդվարդ Ստեփանյան.- «Հա, տեսա, ասեցի՝ էս ինչ են անում իմ ձայնը, ես միայն մի պատասխան եմ տվել, էս ինչ բաներ են արել: Հետո, որ կանչեցին ոստիկանություն, ես ոնց պետք էր, նույն բանն ասեցի»:
Տեսանյութը պահպանված է, կա համացանցում: Քննիչները իրե՞ն են հավատացել, թե տեսանյութին, որ մեղադրանք չեն առաջադրում, էդվարդ Ստեփանյանը քննության թեմայով չցանկացավ խոսել: Երկու անգամ քննչական ներկայացած տղամարդը հիմա էլ պահանջում է, որ Գարեգին Երկրորդը կաթողիկոսի գահից չհեռանա:
«Ես ի՞նչ գործ ունեմ, որ Կտրիճ... կամ Վեհափառի մասին ուրիշ խոսքեր ասեմ։ Վեհափառը մեր Վեհափառն է, թող մնա իրա տեղը, ի՞նչ գործ ունենք։ Ես 70-տարեկան մարդ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում»,- ասում է էդվարդ Ստեփանյանը:
Քննչականը մի քանի օր առաջ հրատապ պահանջել էր վարչապետի դեմ գրառում արած արցախցի Գայանեն կեսգիշերին հարցաքննության ներկայանա, կաթողիկոսի դեմ կոչի հեղինակի գործը իրավապահները շարունակում են ուսումնասիրել:
Երկու գործն էլ քրեական օրենսգրքի նույն՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչի հոդվածով է: Էդվարդ Ստեփանյանին մեղադրյանք չեն առաջադրել, Գայանե Մեսրոպյանին մեղադրյանք են առաջադրել ու արգելել երկրից դուրս գալ: Անցած շաբաթ ոստիկանները ներխուժել էին Գայանեի տուն, ձերբակալել հինգ երեխաների մորն ու գիշերով յոթ տարեկան աղջկա հետ հացաքննության տարել:
Պատերազմում եղբորն ու ամեն ինչ կորցրած Գայանեն մեկ տարի առաջ ֆեյսբուքյան մի գրառման տակ մեկնաբանություն է թողել վարչապետի դեմ, որտեղ սատկել բառն է եղել: Գայանեն իր խոսքերից չի հրաժարվել, ոչ էլ քննչական ներկայանալուց: Խնդրել էր՝ թողնեն առավոտյան գնա, որ ոստիկաններից սարսափած փոքրիկն էլ հանգստանա, բայց չէին համաձայնել ու Նոր Հաճնից Դիլիջան էին հասցրել կեսգիշերին:
Ընտրովի արդարադատություն է. իրավապաշտպան
Այս երկու քրեական գործի զարգացումներն ընտրովի արդարադատության ուղիղ օրինակներ են, պնդում է իրավապաշտպան Աննա Մելիքյանը։ Ու ոչ միայն այս օրինակներով, իրենց ուսումնասիրությամբ են համոզվել՝ իրավապահները օպերատիվ ու հետևողական են միայն իշխանության դեմ գրառում անողների նկատմամբ:
«Մեր մշտադիտարկումը ցույց է տալիս, որ, այո՛, առկա է ընտրովի արձագանք իրավապահ համակարգի կողմից: Մենք արձանագրել ենք դատական պրակտիկայի ուսումնասիրությամբ, որ ոստիկանությունը անդադար մշտադիտարկում է անում սոցցանցերում և անմիջապես արձագանքում է, այդ թվում նաև հետագա քրեական գործ հարուցելու իմաստով։ Արձանագրում է այն գրառումները, այն մեկնաբանությունները, որոնք որ ուղղված են իշխանության դեմ, հակառակ դեպքում մենք չենք տեսնում քննչական մարմինների նախաձեռնությամբ հարուցված քրեական գործեր կամ, համենայնդեպս, դրանց մասին չի տեղեկացվում»,- ընդգծում է իրավապաշտպանը:
Արցախցի կնոջ գործով ոստիկանների դեդեկտիվին Նիկոլ Փաշինյանն այսպես էր արձագանքել. «Էդ ի՞նչ մտածողություն է ընդհանրապես, այսինքն՝ Ղարաբաղում ծնվելը անձեռնմխելիությո՞ւն է, Իջևանում ծնվելը անձեռնմխելիությո՞ւն է»:
Իսկ այս պատմությունից մարդիկ զայրացած հիշում էին ընտրովի արդարադատության բազմաթիվ օրինակներ, որ բռնության, ատելության խոսքերի հետքերով իրավապահները գնում են, երբ իշխանականների հասցեով են դրանք:
Ֆեյսբուքում հիշել էին նաև երկու տարվա վաղեմության գործը: Երբ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում վարչապետի կնոջը դիմավորել էին վանկարկումներով ու Փաշինյանին ուղղված վիրավորական կոչերով: Իրավապահներն արագ գործ հարուցեցին, մարդկանց ձերբակալեցին ու մեղադրեցին ատելություն, թշնամանք հրահրող հրապարակային խոսքերի համար։