Արցախցի Գայանե Մեսրոպյանը դեռ չի հավատում, որ երկու օր առաջ իր հետ պատահածը մղձավանջ չէր:
«Սառան լացելով, Սառայի հետ իրենց ավտոյով մինչև այնտեղ թե ինչ վիճակով եմ գնացել, չեմ կարող ասել», - «Ազատությանն» ասաց կինը:
Ոստիկանները գիշերով նրանց տուն են եկել, ձերբակալել ու մանկահասակ աղջկա հետ Քննչական տարել ՝վարչապետ Փաշինյանի դեմ մեկնաբանություն գրելու համար:
«Ասում են՝ ուրախացեք, որ մասկաներով չենք մտել, ձեռնաշղթա չենք հագցնում, խմբով չենք մտնում», - գիշերվա միջադեպից պատմեց Մեսրոպյանը:
Վարչապետի մասին մեկնաբանությունը մեկ տարի առաջ է եղել, պատերազմում եղբորն ու ամեն ինչ կորցրած արցախցի կինը ինչ-որ մեկի ստատուսի տակ գրառում է արել, դրանում «սատկացնել» բառն է եղել: Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու մեկ տարի անց եկել հինգ երեխայի մոր հետևից:
«Ինձ բերման են ենթարկել երեխուս հետ, լացելով, սթրեսի մեջ», - ասաց նա՝ հավելելով՝ ոստիկանները չեն էլ սպասել, որ տան անդամները դուռը բացեն, ներս են մտել ու առանց որևէ բացատրության պահանջել գիշերով Դիլիջանի Քննչական ներկայանալ. «Ձեռքերս դողում էր, ասում էի՝ շորերս հագնեմ, չէր լինում: Երեխուս հոգեկանը խանգարել են, խոխաս վատ վիճակում, ո՞վ է պատասխան տալու իմ երեխու համար հիմա, հիմա ես եմ ձեզ մեղադրում»:
Գայանեի ամենափոքրը՝ յոթ տարեկան Սառան, համազգեստավորներին տեսնելով, սարսափել է, սկսել է լացել, մորը գրկել: Փոքր աղջկա հեկեկոցն էլ ոստիկանների վճռականության վրա չի ազդել, մորը յոթ տարեկան աղջկա հետ Նոր Հաճնից Դիլիջան են հասցրել: Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքն այնտեղ է գրանցվել. «Լացելով տարել ենք, Սառան ինձնից չէր պոկվում, ինձնից կախված, ցուցմունք եմ տվել գիշերը»:
Տագնապած Գայանեն ամբողջ ճանապարհին խնդրել է, որ ասեն՝ ինչու են իրեն հրատապ տանում, ինչ է արել, որ մանկահասակ երեխային էլ չեն խնայում: Ոստիկանները, որից մեկը կին է եղել, ոչինչ չեն ասել:
«Մի ժամ սպասել ենք, քննիչը եկել է, թղթերը հանել, թե սա Ձեր ֆեյսբուքյան էջն է, այսինչ գրառումը կատարել եք, դրա համար ենք Ձեզ բերման ենթարկել: Հետո էլ ասում են՝ խոսքի ազատություն է», - նշեց նա:
Գայանե Մեսրոպյանին երկու օր տարել-բերել են, հարցաքննել, նա խոստովանել է, որ Փաշինյանի դեմ մեկնաբանության հեղինակն ինքն է: Ասում է՝ որևէ կարգավիճակ չունի, հեռախոսն են առգրավել:
Բազմազավակ մորը երեխայի հետ գիշերով հարցաքննության տարած իրավապահները ի՞նչ հաջողություններ ունեն Գառնու բնակիչ Էդվարդ Ստեփանյանի գործով, որ կոչ էր արել կաթողիկոսի գլուխը քարով ջարդել: Փաշինյանի ներկայությամբ պատարագից հետո գառնեցի տղամարդը իշխող կուսակցության կայքի եթերով էր այս կոչը հնչեցրել: Արդյոք նրան հարցաքննել են ու մեղադրանք առաջադրել բռնության կոչի համար՝ Քննչականից հարցը գրավոր են խնդրել, ու երկրորդ օրն է՝ չեն պատասխանում: Մինչ վերջերս այս կոչի հեղիանկը ոչ մի կարգավիճակ չուներ:
Դատական գործերն ուսումնասիրած իրավապաշտպանների գնահատմամբ՝ իրավապահները ակտիվ են, երբ սոցցանցային բռնության կոչերը, վիրավորանքները իշխանականների հասցեին են:
Լրատվամիջոցները հայ իրավապահների այս դետեկտիվի մասին երեկվանից են գրում: Սոցիալական ցանցերում ակտիվ վարչապետը վստահեցնում է, թե պատմությունից տեղյակ չէ:
«Ի՞նչ մտածողություն է ընդհանրապես, այսինքն՝ Ղարաբաղում ծնվել է, անձեռնմխելիությո՞ւն է:<> Ես տեղյակ չեմ՝ ինչի մասին եք խոսում», - ասաց նա: